Մեր հեռուստատեսության սուպեր բոսսերը տեսնես դիտել ե՞ն իրենց ռազմավարական գործընկերոջ երեկվա գլխավոր լրատվականը: Երեկ մահացել էր հանճարեղ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը, և երկրի գլխավոր լրատվականը սկսվեց Ռյազանովի հիշատակին նվիրված ընդարձակ ու հրաշալի մի անդրադարձով: Հարգանքի ու խոնարհման Ռյազանովին շատ պատշաճ մի անդրադարձ: Շատ պրոֆեսիոնալ ժուռնալիստական աշխատանք՝ արված սիրով, խորիմացությամբ, նվիրումով:
Ոչինչ, որ երեկ Պուտինը Փարիզում տվել-առել էր Օբամայի հետ, ոչինչ, որ Էրդողանը Փարիզում Պուտինին էր փնտրել և Պուտինն ուշացել էր նախագահների հետ լուսանկարվելուց, որ Էրդողանի «սֆաթը» չտեսնի: Նույնիսկ ոչինչ, որ Ռյազանովը ժամանակին այսպես էր արտահայտվել Պուտինի մասին. «Ես Ելցինի շատ արարքներ եմ հավանում, բայց միակը, որ ես չեմ կարող նրան ներել, այդպիսի հետնորդ նշանակելն էր…»:
Երկրում մահացել էր երկրի ռեժիսորը: Երկիրը հարգանքի իր տուրքն էր մատուցում իր ռեժիսորին: Երկիրը խոնարհվում էր ռեժիսորի հիշատակի առաջ՝ հանուն ապրողների: Երկրի եթերը երեկ Ռյազանովյան էր, թեպետ դրա պակասը երբեք այդ եթերը չէր ունեցել: Ռյազանովի մեծարումը նրա ապրած տարիներին էլ էր այդ եթերում:
Որքան փնտրեցի, չգտա, որ Վարդուհի Վարդերեսյանին անդրադարձով սկսվեր իմ երկրի հեռուստատեսություններից գոնե մեկի եթերը օրեր առաջ, երբ դերասանուհին հրաժեշտ տվեց կյանքին: Վարդուհի Վարդերեսյանի տաղանդին, նրա նկատմամբ ժողովրդի տածած մեծ սիրուն, նրա ահռելի վաստակին ու ժառանգությանը պատշաճ անդրադարձով: Եթե եղել է, ես ներողություն եմ խնդրում: Նույնիսկ այսօրվա Հայաստանի արժեհամակարգով, որ նաև երեկվանն էր, Վարդուհի Վարդերեսյանին դա «հասնում» էր. ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, պատվավոր քաղաքացի և այլն:
Կարդացեք նաև
Միայն մի քանի տաղտկալի «նյութ»՝ անտեղյակ, անկիրք, անսեր և սովետական եթերի ռեժիմին խիստ հավատարիմ՝ խցկած ամենա-ամենա վերջում: Մեկ էլ մի երկու դեմ տված միկրոֆոն թաղմանը մասնակից չինովնիկների դեմքին՝ ինչպես միշտ: Դրանք կարելի է ցույց տալ բոլոր մեռնողների պարագայում: Մեռնողի ազգանունը փոխեք, բավարար է: Ֆոնն ու խոսքերը գրեթե նույնն են:
Իսկ մենք կարծում ենք, որ մենք ենք մշակութային ազգը:
Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ