«Կանխատեսումներ չեմ անի, քանի որ ամեն ինչ առաջին հերթին կախված է ժողովրդի ակտիվության եւ մասնակցության աստիճանից»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Նոր Հայաստան» միավորման համակարգողներից Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսը, սակայն, գնահատեց անցած ժամանակահատվածում կատարվածը: Ըստ այդմ, միակ նորությունը իշխանության մեթոդաբանությունն էր, որը փոխվեց ճանապարհի կեսից`վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումից, ընտրակաշառքների բաժանումից անցան հանձնաժողովի ընդդիմադիր անդամների վրա կոնկրետ աշխատանք տանելուն`ահաբեկել, կաշառել, բարեխոսել`ազդեցիկ մարդկանց միջոցով: «Այդ գործընթացը դեռ չի ավարտվել: Մեր հանձնաժողովականները վախենում են այդ մասին խոսել, բայց ՀԱԿ-ին հաջողվեց մեկ օրինակ ունենալ: Իսկ իշխանություններն ասում էին`ցույց տվեք գեթ մեկ դեպք… հուսով ենք, այլ դեպքեր էլ կհրապարակվեն»:
Aravot.am-ի դիտարկումը`հայտարարություններ եւ հրապարակումներ եղան այն մասին, որ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ն են հանձնաժողովներում իրենց տեղերը վաճառել, Արմեն Մարտիրոսյանին բարկացրեց: «Վաճառել են, իշխանությանը գնել է, իրենք ուրեմն ապօրինություն են արել»: Հակադարձմանը, որ եթե ընդդիմադիրները վաճառել են իրենց տեղերը, ապա իշխանության հետ մասնակցել են ապօրինությանը, Արմեն Մարտիրոսյանը բարկացած ասաց. «Դա իշխանությունների սուտ տեղեկություններն են: 118 տեղ չենք ներկայացրել, օրենքով այդ տեղերը տրվում են Ընտրական հանձնաժողովներին եւ նախագահը նշանակում է: Եթե ՀՀԿ-ն է նշանակում`իրենց իրավասության շրջանակում է: Տարածքային կառույցի անդամներին մեր շենքից չեմ բերում, ներկայացնում են տարածքային կառույցների անդամները: Եթե տեղերում ահաբեկել են տեղական կառույցի ներկայացուցիչներին, փորձել են գնել, իրենց ապօրինությունն է: Որեւէ մեկը չի կարող ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի տեղ է վաճառել: Ապատեղեկատվություն է: Ի սկզբանե իրենք ընդունում են, որ ապօրինություն պիտի անեն, ընդդիմությունն էլ ոնց ուզում է գնա`ինչ-որ ձեւով տակից դուրս գա»:
Մեր հաջորդ հարցին`ո՞ր խորհրդանշական տեղում եւ ինչպե՞ս կվերջանա պայքարը, քանի որ նախադեպը կա`ապրիլի 9-ին, Ծիծեռնակաբերդում աղոթքը: «Եթե ուզում էիք մի տասը հոգի էլ մահանան, ես ու Րաֆֆին չենք ցանկացել: Ապրիլի 9-ին իմ արյունն է դուրս եկել, այլ մարդու արյուն չպիտի դուրս գար»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ