ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր կրկին դժգոհեց, որ իր ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային ծրագիրը մերժվել է, նույնիսկ քննարկման սեղանին չի դրվել:
«Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք այս ի՞նչ եք անում. Ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ էս ի՞նչ եք անում: Անում եք այն, ինչ անում է ԿԳԲ-ն: Չեք ամաչում, չեք ամաչում հանրապետականներդ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, ձեր առաջնորդների նախագծերը ուրացել եք: Ոչ կոչվածները ևս, իրենք էլ իրենց ապուշի տեղ դրած՝ փորձում են այլ բան անել: Ոչ մեկդ ձեզ ապուշի տեղ մի դրեք»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ պաշտպանվեց. «Մենք ոչ մեկին չենք ուրացել, եթե ձեր այլընտրանքը չեն քննարկել, այդ չի նշանակում, որ պետք է ոչ ասեք, բացի այդ ես տեղյակ չեմ՝ արդյոք ձեր առաջարկը քննարկվե՞լ է, թե՞ ոչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ