Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումը կարող է նպաստավոր լինել հայկական ապրանքների իրացման ծավալների ավելացման համար։ Խոսքը բնականաբար գյուղատնտեսական մթերքների, առաջին հերթին մսամթերքի եւ պտուղ-բանջարեղենի մասին է։ Մանավանդ որ առաջիկա նախատոնական շրջանում շոշափելիորեն մեծանում է դրանց պահանջարկը։
Թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են նպաստավոր լինել հատկապես հայկական ձկնամթերքի արտահանման համար։ Ինչպես հայտնի է, ռուսական շուկայում այս ապրանքատեսակը վերջին շրջանում իրացման հետ կապված բարդություններ ունի՝ հիմնականում թուրքական ձկնամթերքի պատճառով։ Հաճախ էլ թուրքական ապրանքը պարզապես ներկայացվում է հայկականի անվան տակ՝ հաշվի առնելով վերջինիս ավելի բարձր որակը։
Ռուսական շուկայում ստեղծված նոր հնարավորություններից օգտվելու համար անշուշտ անհրաժեշտ է արագացնել մատակարարումները։ Այլապես հետո կարող է ուշ լինել։
Այնպես չէ, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանակումներից կարող է օգտվել Հայաստանը։ Թեեւ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հայաստանյան արտահանողների հնարավորություններն ավելի մեծ են։
Կարդացեք նաև
Ռուսական շուկա արտահանումն ավելացնելու համար պայմաններն այս տարի անշուշտ բարենպաստ են՝ կապված գյուղմթերքների արտադրության ծավալների աճի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրված ապրանքը հիմնականում մթերվեց, այժմ լավ նախադրյալներ են ստեղծվել իրացումը եւս հաջողությամբ կազմակերպելու համար։
Թեեւ այն ամբողջությամբ չի կարող փոխարինել թուրքականին, այնուհանդերձ հնարավորություն է ստեղծվել ռուսական շուկայում ինչ-որ չափով ընդլայնել դիրքերը։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես բաց չթողնել պահը։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում