Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Սահմանադրությամբ առաջարկվող այս համակարգը շատ խոցելի է». «ՉԻ»

Դեկտեմբեր 01,2015 12:22

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

– Պարոն Ջհանգիրյան, սահմանադրության այս նախագծին «ՈՉ» ասելու բազմաթիվ հիմնավորումներ են բերվել եւ այդ հիմնավորումներից մեկն էլ այն է, ար առաջարկված նախագծով թուլացվում է երկրի պաշտպանունակության համակարդը։ Կխնդրեի ավելի մանրամասնել՝ ինչո՞ւմն է խնդիրը:

– Մենք հրաժարվում ենք երկրի անվտանգության եւ պաշտպանության մի համակարգից, որը անցած 20 տարիների ընթացքում (նկատի ունեմ 1995թ. սահմանադրության ընդունումից ի վեր) լիարժեք ապահովել է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը։ Այսինքն՝ պաշտպանության եւ անվտանգության այն համակարգը, որ գործում է ներկա սահմանադրությամբ, իրեն արդարացրել է։

Նոր սահմանադրության նախագծով վերացնում ենք գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Թեկուզ հայտարարում ենք, որ պատերազմի ժամանակ վարչապետն է ստանձնում այդ պարտականությունը։ Իրականում վարչապետը սահմանադրության նախագծով դառնում է գերագույն հրամանատար, այլ ոչ թե գերագույն գլխավոր հրամանատար։ Սրանք, հավատացեք, տարբեր բաներ են։ Նույնիսկ ստանձնելով այդ պարտականությունը, վարչապետը չի դառնում երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որովհետեւ վարչապետը բարձրագույն զինվորական պաշտոններում նշանակումներ անելու համար (եւ նաեւ այլ դեպքերում) պետք է առաջարկություն ներկայացնի ապագա նախագահին։

Ավելին, այդ նշանակումների համակարգն այնպիսին է, որ նույնիսկ պատերազմական, ծայրահեղ վիճակներում կարող է ձգձգվել, նույնիսկ խափանվել. գործող նախագահը սահմանադրության համաձայն երեք օրվա ընթացքում կարող է կատարել նշանակումը, կարող է առաջարկվող թեկնածությունը ետ տալ այն ներկայացնող մարմնին, իսկ եթե վարչապետը պնդի իր թեկնածությանը, կարող է վիճարկել այդ հարցը ՍԴ-ում։

Տեսեք՝ ինչ բարդ ընթացակարգ է նախատեսվել։ Եթե սա խաղաղ պայմաններում կարող է վերապահումներով ընդունելի լինել, ապա պատերազմական իրավիճակներում, ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում բացարձակ անընդունելի է։ 3 օր, 5 օր հապաղումը ՀՀ-ի համար կարող է ճակատագրական լինել։ ՀՀ-ն, փոքր երկիր է, եւ ակտիվ ռազմական գործողությունների նույնիսկ մեկ ժամը, մեկ օրը կարող է որոշիչ լինել, էլ չեմ խոսում՝ մի քանի օրվա մասին։ Հետեւաբար սահմանադրությամբ առաջարկվող այս համակարգը շատ խոցելի է։

Առավել եւս, որ գերագույն գլխավոր հրամանատարի առաքելությունը պակաս կարեւոր չէ խաղաղ ժամանակ. հայտնի փաստ է, որ պատերազմի պատրաստվում են խաղաղության ժամանակ։ Եթե մի պաշտոնյա խաղաղ ժամանակ չի կատարում գերագույն գլխավոր հրամանատարի կամ հրամանատարի լիազորությունները, պատերազմի ժամանակ ինչպես է դա կատարելու։

Եվ վերջապես, բանակը սիրում է ենթակայության կուռ կառուցվածք։ Չի կարող լինել այնպես, որ խաղաղության ժամանակ ենթակայության բուրգի գլխին ոչ ոք չլինի, իսկ պատերազմի ժամանակ հայտնվի ինչ-որ պաշտոնյա։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031