Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախօրեին հանրության զգալի մասի շրջանում պահպանվում է անտարբերություն իր ապագան կանխորոշող փաստաթղթի հանդեպ, ինչը դրսեւորվում է քարոզարշավի մասնակիցների մարզային հանդիպումներում առաջ քաշվող զանազան տնտեսական ու սոցիալական խնդիրների եւ սահմանադրության բովանդակությանն ընդհանրապես չվերաբերող այլ հարցերի բարձրացման տեսքով։
Ինչ ասես որ այս ընթացքում չի դրվել «այո»-ի ու «ոչ»-ի քարոզիչների առջեւ՝ փչացող բերքի իրացման խնդրից մինչեւ սոցիալական նպաստների ու թոշակների վճարումը, ճանապարհների անբարեկարգ վիճակից մինչեւ տեղական այս կամ այն պաշտոնյայի հանդեպ դրսեւորվող անվստահությունը։
Հասարակությունը բաժանվել է ոչ թե երկու, այլ միանգամից երեք ճամբարի, որոնցից վերջինի ներկայացուցիչները ոչ միայն այդպես էլ չեն կողմնորոշվել«այո»-ի ու «ոչ»-ի միջեւ, այլեւ հրաժարվում են դա անել՝ բերելով ինչ-ինչ «փաստարկներ»։
Հարց է առաջանում. նման դիրքորոշումը առնչվո՞ւմ է ներկայացված փաստաթղթի բովանդակությանը, այսինքն՝ ընդունելի եւ անընդունելի կետերի «զուգահեռ գոյակցությանը»։ Պարզվում է՝ ոչ, քանզի ոչ միայն անտարբերների, այլեւ «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների զգալի մասը այդպես էլ չի կարդացել փաստաթուղթը։
Կարդացեք նաև
Այսինքն՝ գործ ունենք մի իրողության հետ, որը կարելի է անվանել «էլիտաների» դիմակայություն՝ մի այնպիսի իներտ հասարակությանը «խաղի կանոններ» թելադրելու համար, որը պարզապես հրաժարվում է խաղից։ Հրաժարվում է, որովհետեւ չի տեսնում «այո»-ի ու «ոչ»-ի անմիջական կապը իր կացության բարելավման խնդրի հետ։
Ընդունենք, որ սա շատ բարդ ու հակասական վիճակ է, քանզի սահմանադրությունը նախատեսված է հենց այդ նույն հասարակության համար։
Այսինքն՝ փոփոխությունները նպատակ ունեն բարելավել երկրի քաղաքական կարգը, արդիականացնել տնտեսության կառավարման մեխանիզմները՝ նվազեցնելով այն ակնհայտ անդունդը, որ ձեւավորվել է ոչ թե իշխանության ու ընդդիմության, այլ ողջ քաղաքական համակարգի ու ժողովրդի միջեւ։
Նման պայմաններում պայքարող կողմերից ո՛րն էլ մեծացնի իր քաղաքական ակտիվությունը դեկտեմբերի 6-ի նախօրեին, օբյեկտիվորեն նպաստելու է առաջիկա հանրաքվեի գլխավոր խոչընդոտի՝ անտարբերության հաղթահարմանը։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում