Հայաստանի ընդդիմադիր գործիչների կոնկրետ թիվ չենք կարող նշել, բայց որ նրանց մատների վրա կարելի է հաշվել՝ փաստ է: Նկատի ունենք ե՛ւ արմատական ընդդիմադիրներին, ե՛ւ ոչ արմատականներին: Այսօր արմատականներ համարվում են նրանք, ովքեր ոչ միայն սահմանադրական փոփոխություններին են «ոչ» ասում, այլեւ նախագահի հրաժարականն են պահանջում: Իսկ նրանք, ովքեր սահմանադրական փոփոխություններին դեմ են, բայց նախագահի հրաժարականը չեն պահանջում, համարվում են ոչ լիարժեք ընդդիմադիր, այսինքն՝ կիսաընդդիմադիր:
Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններն ու նախագահի հրաժարականն այս պահի դրությամբ այն փորձաքարերն են, որոնց միջոցով կարելի է սպառիչ կարծիք կազմել բոլոր նրանց մասին, ովքեր իրենց ամենաիրական ընդդիմություն են երեւակայում, բայց իրականում էդպիսին չեն: Բայց, իհարկե, ոչ թե պարզապես ձգտում են ամենաիսկական ընդդիմություն լինել, այլ ուղղակի տենչում են: Որովհետեւ քաղաքական դաշտում կամ ընդդիմություն պիտի լինես, կամ՝ իշխանություն. միջին չկա: Եվ սովորաբար քաղաքական դաշտում միակ թափուր տեղն ընդդիմության տեղն է, եւ այս պահին էլ է էդպես, եւ չնայած էդ թափուր տեղը գրավելու համար մշտապես թեժ պայքար է գնացել եւ հիմա էլ է գնում, այդուհանդերձ, ինչպես միշտ, ակտիվության պակաս է զգացվում, եւ, ինչպես միշտ, ընդդիմադիրներից յուրաքանչյուրն իրեն է համարում ճշմարիտ ու իսկական ընդդիմություն, եւ չնայած բոլորը միասնական ու միացյալ ընդդիմության գաղափարն են մեջտեղ գցում, այդուհանդերձ, յուրաքանչյուրը միայն լիդերի միակ տեղին է հավակնում, եւ չնայած ընդդիմության լիդերի էդ միակ տեղը վաղուց թափուր է, արմատական ընդդիմություն ասելով՝ շատերս իներցիայով դեռեւս ՀԱԿ-ին ենք նկատի ունենում, եւ, որ ամենահետաքրքիրն է, ՀԱԿ-ն ինքն էլ է դեռեւս շարունակում իրեն հիմնական, գլխավոր ու թերեւս նաեւ միակ իսկական, լիարժեք ու կատարյալ ընդդիմություն համարել, մինչդեռ իրականում ՀԱԿ-ն արդեն ոչ միայն որպես ընդդիմության լիդեր, այլեւ որպես լիարժեք եւ լուրջ կազմակերպություն ու կուսակցություն էլ գոյություն չունի, եւ եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ի հիմնական գործունեությունը սահմանափակվում է դեկլարատիվ ու իրադարձային հայտարարություններով եւ խորհրդարանական խմբակցության գործունեությամբ, չենք կարող չնշել, որ ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունից էլ են էդ խմբակցության ընդամենը շորշոփները մնացել, եւ չնայած Փաշինյանն ու Բագրատյանն ԱԺ-ում բավական ակտիվ են, եւ չնայած Լյուդմիլա Սարգսյանն էլ է պարբերաբար ելույթներ ունենում, վերջիններիս նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում ՀԱԿ խմբակցության իսկական անդամ չես համարի, եւ, փաստորեն, ՀԱԿ խմբակցությունն իր գործունեությունն ապահովում ու սահմանափակում է Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ մասամբ էլ Ստեփան Դեմիրճյանի խորհրդարանական գործունեությամբ եւ, իհարկե, հիմնականում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իրադարձային ելույթներով: Մնացյալը, փաստորեն, լռություն է, եւ եթե Ազգային ժողովում ընդդիմադիր այլ ձայներ են լսվում, ՀԱԿ-ից զգալիորեն անկախ գործող Փաշինյանի ու Բագրատյանի ձայներն են, ինչպես նաեւ՝ Ալեքսանդր Արզումանյանինը, ով ավելի շուտ էր լքել ՀԱԿ-ը, ինչպես նաեւ՝ Զարուհի Փոստանջյանի ձայնը, ով «Ժառանգությունը» չի լքել, բայց «Ժառանգության» հետ առանձնապես սինքրոն չի էլ գործում: Սա է մեր ունեցած ու չունեցած խորհրդարանական ընդդիմությունը, եւ եթե սրանց ավելացնենք նաեւ Օսկանյանին ու էլի մի քանիսին, էլ ավելացնելու բան չենք ունենա: Մնացյալը, փաստորեն, դրսում են ու էդ պատճառով էլ նախընտրում են փողոցային պայքարը, չնայած ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների՝ Փաշինյանն ու Փոստանջյանը փորձում են նաեւ փողոցից ու փողոցային պայքարից չկտրվել:
Փողոցային պայքարի խորհրդանիշն այս պահի դրությամբ սեֆիլյանականներն ու երիտասարդ քաղաքացիականներն են, ինչպես նաեւ՝ կրտսեր Շահեն Հարությունյանն ու ընկերները, որոշ չափով նաեւ՝ ազատամարտիկների ընդդիմադիր ու դժգոհ մասը: Այսքանով, իհարկե, փողոցային լուրջ պայքար չի ստացվի՝ մանավանդ սահմանադրական փոփոխությունների թեմայով: Այդ պատճառով էլ փողոցային պայքարի կողմնակիցները սահմանադրական փոփոխությունների թեմային գումարում են իշխանությունների հրաժարականի թեման, որը, կարծում ենք, վերջին պահին պատճառ կդառնա, որպեսզի մեր ունեցած ու չունեցած ընդդիմությունը եւս մի անգամ չմիավորվի:
Դժվարանում եմ հիշել, թե մեր ընդդիմությունը վերջին անգամ ե՞րբ է միավորված ու միացյալ հանդես եկել: Մինչդեռ չմիավորվելու դեպքերն անպակաս են: Չմիավորվելու պատճառներն էլ են անպակաս: Մեզանում ընդդիմության չմիավորվելու դեպքերն այնքան են եղել ու կրկնվել, որ եթե օրերից մի օր միավորված Լեւոն Տեր-Պետրոսյան ու Հայրիկյան տեսնենք, շատ կզարմանանք: Ավելի շուտ Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի հետ միավորված կտեսնենք, քան Հայրիկյանի: Կամ՝ թեկուզ Րաֆֆի Հովհաննիսյանի: Որովհետեւ իրականում նրանց իրական մրցակիցը ոչ թե իշխանությունն է, այլ՝ իրենք: Անկախ նրանից՝ ինչպիսի Սահմանադրություն կունենանք առաջիկայում:
Կարդացեք նաև
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
01.12..2015