Փորձենք ինքնուրույն կանխատեսել, թե ինչ հնարավորություններ ենք մենք ստանում ՌԴ-ի կողմից մտցված հակաթուրքական պատժամիջոցների արդյունքում։ Դրա համար կրկին նայենք թուրքական այն ապրանքատեսակների ցանկը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելվել է: Խոշոր եղջերավոր անասունի սառեցված եւ պաղեցված միս, ընտանի թռչնի միս եւ մսամթերք, ապխտած միս, ձուկ եւ ծովամթերքներ, կաթնամթերք, ընկուզեղեն, կանաչեղեն, բանջարեղեն եւ մրգեր։
Հայկական արտադրության մսի եւ հավի արտահանման հնարավորությունները բացառում ենք ի սկզբանե։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ինքը տվյալ մթերքների ներկրող է։
Ձկան պարագայում որոշակի հույսեր թերեւս կան։ Առանց այդ էլ Հայաստանը հիմա ձուկ է արտահանում ՌԴ տարեկան մոտ 16 միլիոն դոլարի։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Թուրքիայից ՌԴ արտահանվողը հիմնականում ծովային ձկներ են, որոնք մեզ մոտ չկան շատ հասկանալի պատճառներով՝ ծով չունենք։
Նույնը ծովամթերքների մասով։ Կարող ենք, իհարկե, մի փոքր ավելացնել խեցգետնակերպերի արտահանումը։ 2014 թվականի տվյալներով մոտ 11 միլիոն դոլարի խեցգետին ենք արտահանել ՌԴ։
Կարդացեք նաև
Պատժամիջոցների արդյունքում կարող է ավելանալ հայկական պանրի արտահանման ծավալները դեպի ՌԴ, բայց մեր պանիրը ՌԴ-ում խիստ սահմանափակ պահանջարկ ունի եւ, օրինակ, թե անցած, եւ թե նախորդ տարի ՀՀ-ից ՌԴ է արտահանվել մոտ 4.5-4.8 մլն դոլարի պանիր։ Համենայն դեպս Արեւմուտքի դեմ ՌԴ-ի մտցրած պատժամիջոցների արդյունքում հայկական պանրի պահանջարկը ՌԴ-ում չաճեց։
Ընկուզեղենի եւ բանջարեղենի պարագայում եթե կան հույսեր, ապա դրանք խիստ տեսական են, քանի որ մեզանում չկան համապատասխան հզորություններ եւ դրանք արագ ստեղծել հնարավոր չէ։ Թերեւս մեր արտադրած միակ ապրանքատեսակը, որ կարող է արագ իր տեղը գտնել ռուսական շուկայում՝ կանաչեղենն է, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ֆերմերները շատ արագ արձագանքեն ու, պատկերավոր ասած, «մոբիլիզացվեն»։ Բացի դրանից, պետք է ստեղծվի այդ ապրանքատեսակը արագ արտահանելու ենթակառուցվածքներ, լոգիստիկ սխեմաներ եւ այլ, որոնք այսօր Հայաստանում մեծ հաշվով չկան։
Տարբեր ուղղակի եւ անուղղակի լծակներ օգտագործելով՝ ՌԴ իշխանությունները գրեթե արգելել են ՌԴ քաղաքացիներին իրենց հանգիստը անցկացնել Թուրքիայում։ Դրանից էլ մենք թերեւս չենք շահի, որովհետեւ Թուրքիա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետաքրքրում է ոչ թե տեսարժան վայրերը, երկրի պատմությունը եւ այլն, այլ ծովափնյա հանգիստը։ Սա էլ մենք չենք կարող առաջարկել ռուսաստանցիներին։
Մի խոսքով, մեր տնտեսվարողների համար առանձնապես մեծ հորիզոններ չեն բացվում հակաթուրքական պատժամիջոցների շնորհիվ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում