Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 1-ից» անջատված մասով սահմանափակ մեղսունակ ճանաչված Քյարամ Ամոյանին՝ 7 տարի

Դեկտեմբեր 01,2015 10:55

«Բանդա 1-ի գործով» երկարատեւ ժամկետով ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի գործից անջատվել էր ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի վերաբերյալ մասը: Բանդիտիզմի հոդվածով դատապարտվածները մեղավոր էին ճանաչվել 2011 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը պետական պաշտոնյաների առանձնատներում ավազակային հարձակումներ կատարելու, նրանց ավտոմեքենաներին, գույքին, չհրկիզվող պահարաններում սառեցված գումարներին, հարստությանն ապօրինի տիրանալու համար:
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված, բազմաթիվ դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննությունների ենթարկված, ըստ փորձագետների սահմանափակ մեղսունակ ճանաչված Քյարամ Ամոյանի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նոյեմբերի 19-ին վերջնական պատիժ նշանակեց 7 տարի ժամկետով ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման։ Դատարանն արձանագրեց. «Պատիժը կրելու ընթացքում Քյարամ Ամոյանին խորհուրդ է տրվում ամբուլատոր նյարդահոգեբույժի հսկողություն՝ կարիքն առաջանալու դեպքում բուժումը կազմակերպել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում»:

Պաշտպանական կողմը, հանձին ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սամվել Հովհաննիսյանի, եթե չբողոքարկի դատավճիռը, դա նշանակում է, որ պատժի կրման սկիզբը կհաշվվի 2011թ. սեպտեմբերի 24-ից։ «Առավոտի» տեղեկություններով՝ դատավճիռը բողոքարկվելու է: Քյարամ Ամոյանի քրեական գործով դատական քննությունն անցավ դռնփակ ընթացակարգով, իսկ դատավճռի եզրափակիչ մասի հրապարակման պահին ամբաստանյալը նիստերի դահլիճ է բերվել ուղեկցողներով, սակայն առանց նրանց լրացուցիչ օգնության: Նշեմ, որ խմբի անդամների գործով, երբ դեռ չէր անջատվել վարույթը, նա քայլել դժվարանում էր, հենակով էր հաճախ մտնում նիստերի դահլիճ, իսկ քանիցս նրա համար կանչվել է շտապօգնություն, տասնյակ անգամներ ընդհատվել են նիստերը:

Հիշեցնենք, որ այս գործով տուժողներն էին տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ, «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ, նախկին ԱԺ պատգամավոր. Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը եւ նրանց ընտանիքների անդամները:

Քյարամ Ամոյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր սպիտակ գույնի մետաղից խաչով շղթան, դեղին մետաղից կախազարդը, «Սամսունգ SGH-D900» մոդելի բջջային հեռախոսը, որը դատավճռով կվերադարձվի նրան:

Ի դեպ, նույն այս դատավճռով հանգուցյալ, մեղադրյալ Արման Դալլաքյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 30.000 ՀՀ դրամ գումարը կվերադարձվի նրա հարազատներին։

Դատարանը վերացրել է նաեւ Քյարամ Ամոյանի անվամբ համատեղ սեփականության իրավունքով գրանցված Երեւանի Լեփսիուսի փողոցի բնակարանի վրա 28.09.2011թ. թիվ 7/1-5195 գրությամբ դրված արգելանքը:

Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի անձը բացասականորեն բնութագրող հանգամանք է դիտվել այն, որ նա ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով անցնում է որպես նախկինում դատվածություն ունեցող անձ: Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 2 տարի 10 ամիս 2 օր ժամկետով։ Նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Սակայն Ամոյանը կատարել էր սույն գործով ավազակային հարձակումները՝ գտնվելով պայմանական փորձաշրջանի մեջ, այսինքն՝ նրա դատվածությունը մարված չէր։
Դատարանը արձանագրել էր, որ 24.09.2011թ.-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Քյարամ Ամոյանը հայտնել էր. «Իր ճկույթի վնասվածքը ստացել է Արարատի մարզի Դալար գյուղում, երբ իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցները։ Անակնկալի է եկել, այդ ընթացքում ոտքը սայթաքել է, ինչի հետեւանքով ընկել է, եւ ստացել նշված վնասվածքը։ Իրեն ոչ ոք չի հարվածել»։ Մինչդեռ, դատարանում, քանի դեռ Արմանը բերվում էր դատարան, մյուս ամբաստանյալները նույնպես բարձրաձայնում էին իրենց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումների մասին:

31.07.2012թ.-ին նույն վարչությունում որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Ամոյանը ցուցմունք էր տվել «իր կողմից որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ, հայտնել զենքի մասին, սակայն չի իմացել եւ չի գիտակցել, որ այդ ամենը կատարում է որպես բանդայի անդամ։ Իր համար անհասկանալի է «անդամագրել» հասկացողությունը, քանի որ ճանաչել է միայն Գուգոյին, չի իմացել նրա ու մյուսների կողմից կատարված գործողությունների մասին։ Չի իմացել՝ արդյոք այդ օրը եկած անձինք զենք ունեցել են, թե ոչ կամ եղել են զինված, թե ոչ։ Այդ պատճառաբանությամբ իրեն մեղավոր չի ճանաչում»:

Քյարամը հայտնել էր, թե 2011թ. սեպտեմբերի լույս 23-ի գիշերը գտնվել է Ձերժինսկի դպրոցի մոտ, չի իմացել, որ Չարենցի 47 տան վրա ավազակային հարձակում պետք է կատարվի։ Գուգոն իրեն հայտնել է, որ կասի, թե իրենց որտեղ պետք է սպասի, եւ ինչ գործողություններ անի։ Երբ զենքը հանձնել է Գուգոյին` վերջինս իրեն է տվել մի «կտոր» դիմակ, ասելով` «քաշի գլխիդ` սպասի աստիճանների դեմը` դպրոցի մոտ, մինչեւ կգանք»։ Հիշեցնենք, որ կասկածյալ Գուրգեն Հայրապետյանը Մյասնիկյան պողոտայում ոստիկանների վնասազերծման ժամանակ է սպանվել:

Քյարամ Ամոյանը հայտնել էր նաեւ, որ տեղյակ չէ, թե ուր է գնացել եւ ինչ է արել. «Դիմակը կրել է դեմքին, հետո մտածելով, որ դա իր խելքի բանը չէ, հանել է դիմակը, թողնելով այն՝ հեռացել։ Նախկինում նախաքննական մարմնին դիմակ կրելու վերաբերյալ ոչինչ չի հայտնել, քանի որ ոչինչ չի կատարել։ Ինչպես նախկինում հայտնել է՝ այդ ատրճանակը եւ փամփուշտները ձեւափոխված վիճակում գտել է իրենց տան դիմաց գտնվող հինգ հարկանի շենքի նկուղից, որը գտնվում է Լեփսիուսի 11 հասցեում, մինչեւ դեպքի օրը ատրճանակը եւ փամփուշտը թողել է նույն տեղում։ Չգիտի, թե ինչպես է իր բջջային հեռախոսը հայտնվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայում։ Գտնում է, որ հավանաբար թողել է դպրոցի դիմացի աստիճանների վրա, որը գտել է Գուգոն եւ դրել ավտոմեքենայի մեջ։ Հաջորդ օրը, տեսնելով, որ բջջայինը մոտը չէ, կարծել է, որ այն կորցրել է»:

Քյարամ Ամոյանի վերաբերյալ անջատված մասի նախաքննությամբ պարզվել էր, որ Արտուշ Հակոբյանը 2011 թվականի մայիսի սկզբին պաշտոնատար անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել, ղեկավարել են կայուն կազմակերպված խումբ` բանդա։ Նրանք այդ նպատակով իբրեւ ձեռք էին բերել ինքնաշեն ատրճանակ-գնդացիր, ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, ատրճանակ, մարտականի ձեւափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակ եւ դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը հավաքագրել են բանդայի անդամներ Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին եւ «քննությամբ չպարզված այլ անձանց», որից հետո կազմակերպել եւ ղեկավարել են 2011 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բանդայի կողմից` Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները։
Այս գործին զուգահեռ Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի եւ Արթուր Մանուկյանի պաշտպանները բողոք էին բերել ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն այն մերժվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031