Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

Դեկտեմբեր 01,2015 10:51

Այս տարի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը մենք նշում ենք նոր հույսով: Ես երախտագիտությամբ ողջունում եմ ակտիվիստների վճռական գործունեությունն ու առողջապահության ոլորտի աշխատողների հետեւողական ջանքերը: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում նաեւ իրավապաշտպանների սկզբունքային դիրքորոշմանն ու բոլոր այն մարդկանց խիզախությանը, որոնք միավորել են ուժերը՝ այս հիվանդության դեմ պայքարի հարցում հասնելու համաշխարհային առաջընթացի:

Սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների շրջանակներում ողջ աշխարհի առաջնորդները միակամ հանձն են առել մինչեւ 2030 թվականը վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին: Այս հանձնառությունն արտացոլում է համերաշխության ուժը, որի շնորհիվ, ի արձագանք այս կործանարար հիվանդության, կազմավորվել է ժամանակակից պատմության մեջ ամենաընդգրկուն շարժումներից մեկը:

Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից: Մեկը մյուսի հետեւից մարդիկ բարձրացել են՝ ի աջակցություն գիտության, մարդու իրավունքների եւ ՄԻԱՎ-ով ապրող բոլոր անձանց հնարավորությունների ընդլայնման: Ահա այսպես մենք վերջ կտանք համաճարակին. առաջ ընթանալով միասին:

Անհրաժեշտ է գործել հենց հիմա, ժամանակը չի սպասում: Սա է պատճառը, որ կոչ եմ անում որդեգրել ներդրումներն անհապաղ արագացնելու մոտեցում եւ վերացնել կարիքների ու ծառայությունների միջեւ եղած խզումը:

Համաճարակին վերջ տալու եւ դրա նորացումը կանխելու նպատակով մենք պետք է գործենք բոլոր ճակատներում: Անհրաժեշտ է ավելի քան կրկնապատկել արդյունավետ բուժում ստացող անձանց քանակը՝ ընդգրկելով ՄԻԱՎ-ով ապրող բոլոր 37 միլիոն մարդկանց: Անհրաժեշտ է դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ապահովել կրթության եւ ՄԻԱՎից պաշտպանվելու իրական հնարավորությունների հասանելիություն: Եվ մենք պետք է բնակչության՝ խնդրին առնչվող հիմնական խմբերին ապահովենք արժանապատվությամբ ու հարգանքով տրամադրվող ծառայություններից օգտվելու լիակատար հնարավորություն:

Յուրաքանչյուր երեխա կարող է ծնվել ՄԻԱՎ-ից զերծ՝ մայրերից, որոնք ոչ միայն ողջ կմնան, այլեւ իրենց ավելի ու ավելի լավ կզգան: ՁԻԱՀ-ին վերջ տալն էական նշանակություն ունի «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» քարոզարշավի եւ այն գլոբալ ռազմավարության հաջողության համար, որը նախաձեռնել եմ՝ ձգտելով ապահովել կանանց, երեխաների եւ դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը մեկ սերնդի ընթացքում:

Սահմանված թիրախներին արագացված կերպով հասնելը կկանխարգելի ՄԻԱՎ-ով վարակման եւ ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան նոր դեպքերը՝ միաժամանակ վերացնելով ՁԻԱՀ-ի հետ կապված խարանն ու խտրականությունը:

Ես մեծ հույսեր եմ կապում Ընդհանուր վեհաժողովի՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ բարձր մակարդակի նիստի հետ, որը նախատեսված է 2016 թ.-ին եւ վճռորոշ հնարավորություն է աշխարհի համար՝ ստանձնելու ՁԻԱՀ-ին արագընթաց վերջ տալու հանձնառություն:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի այս համաշխարհային օրը եկեք հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց, ովքեր այս հիվանդության պատճառով կորցրել են իրենց կյանքը, եւ վերահաստատենք մեր վճռականությունը՝ պայքարելու հանուն արդարության, օգնության հասանելիության եւ ավելի հուսադրող ապագայի՝ ողջ աշխարհում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031