Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգման փորձի գործով պայմանական դատապարտվածը` արդարացում, իսկ դատախազի տեղակալն ազատազրկում է խնդրում

Նոյեմբեր 30,2015 22:45

Վանաձոր քաղաքի բնակիչ,1978թ. ծնված Գարեգին Էմինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես համաձայնության գալով Վանաձորի բնակիչներ, 1986թ. ծնված Գարիկ Ղուկասյանի եւ 1968թ. ծնված Միսակ Հովակիմյանի հետ, 2014թ. հուլիսի լույս 8-ի գիշերը ժամը 04.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքում բռնություն գործադրելու միջոցով փորձել է առեւանգել իր նախկին կնոջը, 1990թ. ծնված Ռ. Ս.-ին: Դա կատարել են կնոջը տուն վերադարձնելու նպատակով, սակայն հանդիպելով վերջինիս,նրա մոր եւ հարեւանուհու դիմադրությանը, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ դիմել են փախուստի: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Մարդուն առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 3 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Դատարանը գտել է, որ նրանց առաջադրված մեղադրանքը ճիշտ չի որակվել, նրանց կատարած արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, այլ նույն հոդվածի 1-ին կետին: Դատարանը նման հետեւության է եկել նկատի ունենալով, որ վարույթ իրականացնող մարմինը չի ապացուցել նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելը եւ դատարանում նման տվյալներ ձեռք չեն բերվել:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2015 թ. հոկտեմբերի 20-ին  Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գարեգին Էմինյանին, Գարիկ Ղուկասյանին եւ Միսակ Հովակիմյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նրանց հանդեպ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:

Դատավորը նաեւ լրացուցիչ որոշում է ընդունել, որով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի ուշադրությունն է հրավիրել մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա:

Միսակ Հովակիմյանի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի ղատարանի վճիռը, արդարացնել Միսակ Հովակիմյանին եւ ճանաչել անպարտ:

Նույն դատավճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքով Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ Գարեգին Էմինյանի,Գարիկ Ղուկասյանի, Միսակ Հովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակել ազատազրկման ձեւով համաչափ պատիժներ:

Վերաքննիչ բողոքները դեռեւս չեն քննվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30