Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդգես Գասպարին հրաժարվել է մասնակցել իր գործով դատական նիստերին: Նոյեմբերի 30-ին դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 11-ին, բերման ենթարկել գործով ամբաստանյալ Գասպարիին:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց Վարդգես Գասպարիի հետ:
«Թո՛ղ բերման ենթարկի: Ես իմ ոտքով չեմ գնալու, թո՛ղ ինձ շղթայակապ տանեն դատարան ու դատեն: Կփորձեմ կանգնել, չծալվել, թո՛ղ զոռով ծալեն: Ինձ չի բավարարում այն տարբերակը, որ այսօր ենթարկվեմ ամեն տեսակ անօրինականության եւ հույսս դնեմ ՄԻԵԴ-ի վճռին»,- ասաց նա:
Հիշեցնենք ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց, քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ