Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորված իր մարտական ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լուրջ ներգրավվածություն ունի այդ ամենի մեջ:
«Խաչիկը հերոս տղա է, մեր երկրի համար գործ արած պիտանի մարդ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ էր վերջին անգամ տեսել Խաչիկ Ավետիսյանին եւ արդյոք նա պատմել է ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու մեջ կասկածվող մյուս կալանավորվածների հետ համագործակցության մասին. «Վերջին անգամ երեւի մի քսան օր առաջ միասին խաշ ենք կերել, նման բան ինքը չի ասել, զարմացած եմ, գուցե ինչ-որ մարդկանց հետ հանդիպել են, խոսել են, զրույցների արդյունքում արված հետեւություններ են, ամբողջական տեղեկատվություն չունեմ ու ոչինչ չեմ կարող ասել: Սպասենք՝ գուցե անվտանգության մարմինները քարտերը բացեն, հասկանանք՝ ինչ է եղել»:
Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ եւս մի կալանավորված ազատամարտիկ կա՝ Ապար Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Ազատամարտիկների կալանավորումը տարօրինակ է համարում «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:
«Չգիտեմ ինչ ասեմ, թող գա ժամանակը ու ամեն բան պարզ կդառնա: Թացը մի օր տարբերվելու է չորից: Զարմանում եմ, թե նման երեխեքն ինչու պետք է հայտնվեն տեռորիստի կարգավիճակում: Երեւի, թատերականի ինչ-որ շրջանավարտ «օպերացիա տեռոր» վերնագրի տակ բեմադրություն է ներկայացնում: Չեմ կարող ասել, ինչու, ոնց, դրա պատասխանը թողնենք այն մարմիններին, որոնք ընտրություններից առաջ ուզում են ժողովրդին ապացուցել, որ իրականում վնասազերծել են տեռորիստական հզոր կազմակերպություն, կազմակերպված բրիգադա, որտեղ առաջին ահազանգը տալիս է ռուսական կայսրությունը: Ասում են, որ նույնիսկ ռուսական կայսրությունը իր դիվիզիաներից մեկն ուղղում է ի պաշտպանություն հայոց սահմանների՝ չեղյալ համարելով նախկին ռուս-թուրքական պայմանագրերը հայոց հողերի հետ կապված… միգուցե, այսպես կոչված, ահաբեկիչների խմբավորման անդամներին դեկտեմբերի տասից հետո բաց թողնեն, ասեն՝ դա կատակ էր: Հայ իրականության մեջ լինում են նման դեպքեր: Մի բան հստակ է՝ այստեղ շատ անհասկանալի բաներ կան: Կարող եք պատկերացնել մի բան, նույն օրը Բաքվում ձերբակալվում է տեռորիստական խմբավորում, Բաքվում ունենում են վեց զոհ, Հայաստանում ձերբակալվում է խմբավորում՝ առանց զոհերի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ