Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Ազգային ժողովի մոտ հրմշտոցից հետո ցուցարարները որոշեցին Բաղրամյան պողոտայով գնալ դեպի Հանրապետության հրապարակ:
Սակայն, հասնելով Մոսկովյան փողոցի հետիոտնային անցում ցուցարարները նստեցին: Ոստիկանները նրանց ձեռքերից եւ ոտքերից բռնած, իսկ Փայլակ Թեւանյանին նույնիսկ գլխից քաշելով, տեղափոխեցին մայթ: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց, արդյունքում՝ Փայլակ Թեւանյանը եւ եւս երկու ցուցարար բերման ենթարկվեցին:
Կարդացեք նաև
«Կարմիր քարտի» մնացած անդամները հայտարարեցին, որ երթով գնալու են դեպի ոստիկանության կենտրոնական բաժանմունք: Ճանապարհին՝ Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկի հետիոտնային անցումին նրանք կրկին նստեցին: Ոստիկանները կրկին նրանց ձեռքերից եւ ոտքերից բռնած տեղափոխեցին մայթ:
Այժմ նախաձեռնության անդամները ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց սպասում են իրենց ընկերներին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին «Կարմիր քարտ» նախաձեռնությունը նամակներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական: Նրանք պահանջում են շաքարավազի, ալյուրի, բենզինի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները նվազեցնել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ