Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Վաղը իշխանությունը հաշվելու է ու ասի՝ ինչքան է պետք, որ իրեն ապահով զգա մինչև խորհրդարանական ընտրություններ»

Նոյեմբեր 30,2015 19:15

Ով ապրում է վախի մեջ, նա մեռնում է վախից

Լեոնարդո դա Վինչի

Ակնհայտ է, որ մեր հասարակությունը խորապես անհաղորդ, օտար ու հեռու մնաց թե «Այո»-ին, թե «Ոչ»-ին, և եթե սա Սերժը չգիտի, ուրեմն ադեկվատ չէ, չի տիրապետում իրավիճակին, իսկ եթե գիտի ու շարունակում է հակադրվել հասարակության ցանկություններին ու հարկադրել իր կամքը, ուրեմն վախենալու բան ունի, ոչ թե հասարակության ապագայի, այլ իր հետագա ճակատագրի համար:

Ու էստեղից էլ հայկական պատը (որը վիրտուալ լինելով, ավելի հաստ, երկար և ավելի բարձր է, քան չինականը)՝ իմ-ի և քո-ի, յուրայինի և օտարի, սեփական թիմի բարեկեցության, սեփական երկրի և ժողովրդի թշվառության ու աղքատության հաշվին: Որ սա էսպես է, հասկանում են բոլորը` բացառությամբ մի քանի իշխանավորների և իրենց հարազատների: Ելքը մնում է իրենց ամեն արածին կասկածելը, իրենց ասածին հակադրվելը, իրենց այո-ին ոչ ասելը ու տեղերում քվեն պահելը, քանի որ քվեարկություն է: Բայց չէ որ երկրի սահմանադրականության ու օրինականության գլխավոր երաշխավորը հենց երկրի նախագահն է, և իր թիվ մեկ պարտականությունն ու պարտքն է ընտրության արդարությունը պահելը: Ու թող պահի, որովհետև դրա համար մենք իրեն վճարում ենք, ապահովում իր անվտանգությունը` պաշտոնավարման տարիներին և պաշտոնաթողությունից հետո քաղաքի լավագույն հատվածներում պարսպապատ դղյակներ հատկացնում և ՀՀ չափանիշներով բարձր թոշակ հատկացնում…

Չէ, առ էսօր իրենցից ոչ մեկը երաշխավոր չի եղել, որովհետև մեր երկրի առաջնորդները միշտ վախեցած են, որովհետև իրենցից ոմանք պաշտոնավարման վերջին, իսկ ոմանք ի սկզբանե, անմարդկային վախ ունեն պաշտոնաթողությունից հետո թոշակառու դառնալու հեռանկարից: Ու էսպես անընդհատ, և սա է պատճառը ենթադրյալ ահաբեկչությունների, անհնազանդության կոչերի և հեղափոխության…

Լեոնարդոն իր ճիշտ լինելը ապացուցել է գիտության, ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության բնագավառում: Կապացուցի՞ իմաստնության և քաղաքականության բնագավառում` չգիտեմ: Գլոբալ առումով համոզված եմ, որ այո, ուղղակի մեր ժամանակն է ափսոս…

Վաղը ընտրություն է՝ հանրաքվեի տեսքով: Ու ստացվել է այնպես, որ հարուստները գնում են «այո» ասելու իրենց հարստությանը, աղքատները՝ «ոչ» ասելու իրենց աղքատությանը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը ընդամենը 30% է, իրական տվյալներով՝ եռապատկեք ու ստացեք հանրաքվեի արդյունքը: Ու ստացվել է նաև, որ այդ վիճակից բողոքողը էլի իշխանությունն է, որ ուզում է իր համար իրավիճակ փոխել՝ էս անգամ էլ կրակից շագանակները ուրիշի ձեռքով հանելով: Որովհետև իրենից բացի բոլորն իր համար «ուրիշ» են, իսկ մեզ պետք է յուրային իշխանություն: Լեոնարդո դա Վինչին ասում էր՝ «Ով ապրում է վախի մեջ, նա մեռնում է վախից», ու՝ սովորեցնում էր թռչել, որովհետև մարդը պիտի երազ ունենա ու հեռանկար՝ այսօրը կառուցելու համար: Իսկ մեր ոչ այսօրն է ստացվում, ոչ վաղն է վաղվա նման, որովհետև մենք էլ մեզ դառնում ենք օտար ու օտարության մեջ ենք հայրենիք գտնում մեր զավակների համար:

Վաղը ընտրություն է հանրաքվեի տեսքով: Չէ, վաղը իշխանությունը հաշվելու է ու ասի՝ ինչքան է պետք, որ իրեն ապահով զգա մինչև խորհրդարանական ընտրություններ: Ընդամենը: Մնացածը՝ սովորենք թռչել: Ճիշտ ժամանակն է:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30