Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «առանց փողկապի» ձեւաչափով հանդիպեց «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ:
Հարցին, թե ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, թե Հայաստան-Ալբանիա հանդիպման ժամանակ զգացել է, թե խաղը վաճառված է, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Ես ասել եմ, որ դավաճանություն է եղել: Իմ շուրթերից խաղ վաճառելու մասին բառ չի հնչել: Բոլորդ էլ կարդացել եք ֆուտբոլիստների հայտարարությունը: Բայց մենք, դուք, ֆուտբոլասերները, տեսնում ենք չէ՞, թե ինչ են անում: Ես դավաճանություն համարում եմ այն, որ ֆուտբոլիստը գալիս է հավաքական ու չի խաղում: Հավաքականը ակումբ չի: Դու երկիր ես ներկայացնում: Իսկ երկրին նվիրված մարդը պետք է տրվի խաղին ու ամեն ինչ անի: Ֆուտբոլն էլ ինչ-որ տեղ կռիվ է: Ֆուտբոլում էլ կա չէ՞ հաղթել կամ պարտվել: Եթե դաշտ ես դուրս գալիս ի սկզբանե պարտվելու համար, դա ի՞նչ է, դավաճանություն չի՞: Դրան ի՞նչ որակում կարելի է տալ: Եթե մամուլն ասում է, թե ինչ-որ ֆուտբոլիստ խաղ է վաճառել, ես չպիտի՞ ասեմ, որ պետք է փորձեմ բացահայտել եւ ներկայացնել: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել շատ վատ բան: Բայց եթե հիմքեր չունեմ, չեմ կարող ասել, որ վաճառվել է: Ու չեմ կարող կանգնել մի կետի վրա, լռել ու անցնել: Դրա համար ասում եմ՝ եթե նման բան կա (Աստված տա՝ այդպես մտածողները սխալ լինեն), անելու եմ մաքսիմումը բացահայտելու համար», – ասաց Ռ. Հայրապետյանը:
Ճշգրտող հարցին, թե գրեթե բոլորը համոզված են, որ հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ համարձակություն չէր ունենա առանց իր իմացության նման քայլի գնալ, Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց. «Իսկ ֆուտբոլ չխաղալու, հայտարարություն անելու համարձակություն կունենա՞ն: Ինձ բացատրեք՝ հասկանամ. ի՞նչ է նշանակում հավաքականի հանդիպումից երեք ժամ առաջ խաղալուց հրաժարվելը: Ես ասել եմ դավաճանություն, դուք հասկանում եք խաղը վաճառել: Վատ խաղալը, չպայքարելը դավաճանություն չէ՞: Շատ բան չեմ կարող ասել: Բայց իմ ասածներին ուշադիր եղեք եւ հասկացեք, թե միտքս ուր է գնում: Թե չէ վերցնում, առանձնացնում եք մի բառ ու դրա վրա երեւակայում: Էն, որ ասում են՝ մի ընտանիքի նման ենք, նվիրվում ենք խաղին, մենք, դուք, երկրպագուները չենք տեսնո՞ւմ, որ չեն նվիրվում: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ: Կան ֆուտբոլիստներ ( Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս, Արթուր Սարկիսով, Վարազդատ Հարոյան, Գայել Անդոնյան…), որոնք պրոֆեսիոնալ են եւ խաղադաշտ մտնելով իրենց մաքսիմալ պոտենցիալով խաղում են, իսկ մնացածը կարող են դաշտում մա՞ն գալ: Ֆուտբոլը 11 հոգու խաղ է: Եվ եթե 3-4-ը գլուխ է պահում, խաղը ձախողվում է: Երբ քննադատում եմ ֆուտբոլիստներին, ինչը կարգավորելու ձեւերից մեկն է, տեսնում ե՞ք՝ ինչ հարձակում է լինում իմ վրա: Իսկ եթե լռում եմ, ասում են՝ պատասխանատուն դու ես, բա ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում: ՖԱՖ-ը մեկ ամիս, եթե սպասեր, ես հրաժարական էի տալու: Բայց հիմա պատվի խնդիր է: Մնալու եմ՝ մինչեւ բացահայտեմ այս ամենը, մինչեւ հավաքականում մթնոլորտը կարգավորեմ»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ