Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես մեկնարկեց «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, և առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։
««Ռոստելեկոմը» Հայաստանում իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրեր՝ ի նպաստ Ինտերնետ գրագիտության բարձրացման։ «Азбука Интернета» ձեռնարկն ու իրականացվելիք անվճար դասընթացները առաջին քայլն է դեպի միջին և տարեց բնակչության ակտիվ ներգրավմանը Ինտերնետի օգտագործման գործընթացին և համոզված եմ՝ նախագիծը մեծ արձագանք և հետաքրքրություն կառաջացնի հանրության շրջանում։»,— նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Միջոցառումն իր տրամաբանական շարունակությունը կունենա վաղը՝ դեկտեմբերի 1-ին, երբ կմեկնարկեն դասընթացները։
«Азбука Интернета» ձեռնարկի մասին
«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։
Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
«Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթի մասին
Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։ Հանձնաժողովի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցներ։
Մրցույթը Հայաստանում անցկացվում էր «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի աջակցությամբ:
Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Азбука Интернета» նախագծի պաշտոնական կայքից՝ www.azbukainterneta.ru.
Մամլո հաղորդագրություն