ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Շնորհավորելով և բեղմնավոր դիվանագիտական ծառայություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը, հույս է հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի բնապահպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունների առավել ամրապնդմանը և կշարունակի արդեն իսկ ձևավորված համագործակցության դրական ավանդույթը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի համար՝ վստահեցրել է, որ կանի առավելագույնն այս ոլորտում փոխգործակցության ակտիվացման և զարգացման նպատակով:
Կողմերը քննարկել են Արաքս գետի աղտոտվածության հարցը, անդրսահմանային միգրացիոն էկոմիջանցքների ստեղծման, ինչպես նաև համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու, երկու երկրների փորձի փոխանակման և տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, որոնք կներգրավվեն առաջիկայում ստորագրվելիք երկկողմ հուշագրում:
Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հայ-իրանական համագործակցության շրջանակներում ստեղծվող «Բարեկամության և խաղաղության այգու» հետ կապված գործընթացներում տարվող աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդեն այգին կդառնա բնապահպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության օրինակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն