Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Դատական նիստին չէին ներկայացել ո՛չ Վարդգես Գասպարին, ո՛չ նրա պաշտպանը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում Գասպարին եւս չի ներկայացել դատական նիստին եւ այդ մասին համապատասխան գրություն է ուղարկել դատարան:
Նելլի Բաղդասարյանը նշեց, որ դատարանը գրություն է ստացել ամբաստանյալ Գասպարիից, որտեղ նա նշում է, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստին եւ շարունակելու է ընդդիմանալ դատարանի կամայականություններին: Գասպարին հայտարարել է, որ չի լիազորում փաստաբաններ Դավիթ Գյուրջյանին, Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին առանց իր ներկայության պաշտպանել իր շահերը:
Նելլի Բաղդասարյանը ասաց, որ դատարանը ընդունում է, որ ամբաստանյալը հրաժարվել է իր պաշտպաններ Գյուրջյանի եւ Եգորյանի ծառայությունից, իսկ Լուսինե Հակոբյանը այդ դատական նիստին ներկա չէր, եւ դատարանը չի կարող ընդունել ամբաստանյալի այդ որոշումը: Նա հայտարարեց, որ անհարգալից է համարում Լուսինե Հակոբյանի բացակայությունը:
Կարդացեք նաև
Մեղադրող Մանուկյանը նշեց, որ ներկայացված պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ, որ Գասպարին չներկայանա դատական քննությանը, առավել եւս երբ հանդիսանում է գործով ամբաստանյալ. «Բացի այդ՝ դիմումներից պարզ է, որ վերջինս ստացել է դատարանի ծանուցումները եւ անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին: Ես միջնորդում եմ վերջինիս ներկայությունը ապահովելու համար որոշում կայացնել նրան բերման ենթարկելու մասին: Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանին, հարգելի՛ դատարան, պաշտպանի մասնակցության ապահովման հարցի լուծումը ես թողնում եմ դատարանի հայեցողությանը»:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ բերման ենթարկելու մասին որոշում ընդունեց, որպեսզի հաջորդ դատական նիստին ամբաստանյալի ներկայությունը ապահովվի: Դատարանը որոշեց նաեւ եւս մեկ անգամ ծանուցել պաշտպան Լուսինե Հակոբյանին, Նելլի Բաղդասարյանը ընդգծեց, որ չներկայանալու դեպքում դատարանը կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան քայլերը:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ