Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններ. խորհրդարանակա՞ն, թե՞ կուսակցապետական համակարգ

Նոյեմբեր 30,2015 17:39

«Մեդիա կենտրոն». Սահմանադրական փոփոխությունները թեև առերևույթ ուղղված է Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգեր հաստատելուն, սակայն վտանգ կա, որ այն ի վերջո կապահովի միայն գործող իշխանության վերարտադրությունը և կուսակցապետական համակարգի հաստատումը: Այս մասին Արմավիր քաղաքում կայացած քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Մեդիա կենտրոնի» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նոյեմբերի 27-ին համատեղ կազմակերպած սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկմանը Զառա Հովհաննիսյանի հետ համակարծիք էին միջոցառման մասնակից «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, և կտրականապես դեմ արտահայտվեցին «Այո»-ի բլոկը ներկայացնող գործիչները: Քննարկումը բավականին ներկայացուցչական էր իր կազմով:

Բացի Երևանից ժամանած իրավապաշտպանից միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհրդի անդամ Հովհաննես Ստեփանյանը, ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեյի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանը, ՀԱԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սեդրակ Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանը, Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ Դավիթ Դավթյանը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Նաիրա Առաքելյանը:

Սահմանադրության նոր նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու դեկտեմբերի 6-ին, Զառա Հովհաննիսյանի կարծիքով կարող է հանգեցնել կուսակցապետական համակարգի ամրապնդման և արմատավորման երկու հիմնական պատճառով:

«Առաջին, խորհրդարանական համակարգ է անցում կատարում այն պետությունը, երբ քաղաքական դաշտում առկա են կայացած գոնե մի քանի կուսակցություններ, ինչը Հայաստանում չկա: Երկրորդ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածում ներառված է «կայուն խորհրդարանական մեծամասնություն» կազմելու գաղափարը, ինչը կարող է նպաստել միահեծան իշխանության ամրապնդմանը երկրում», – ասաց բանախոսը:

Նրա խոսքով, սահմանադրության նոր նախագծում ի թիվս այլ թերությունների առկա է նահանջ մարդու հանդեպ պետության ունեցած սոցիալական և տնտեսական պարտավորություններում: «Եթե գործող Սահմանադրության մեջ խոսվում է մարդու սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովման մասին: Այն է՝ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքները, ապա նոր նախագծում, այդ իրավունքները միայն խթանվելու են», – նշեց իրավապաշտպանը:

Նրա հետ չհամաձայնեցին իշխող Հանրապետական և ոչ իշխանական Հայ հեղափոխական «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Եթե սահմանադրության նոր նախագծի մեջ խոսվում է «կայուն մեծամասնության» մասին, դա չի նշանակում, որ անպայման ՀՀԿ-ն է կազմելու մեծամասնություն և միանձնյա իշխելու երկրում: Կազմվելու է կոալիցիա: Եթե քաղաքական ուժերը չգան ընդհանուր հայտարարի, ապա միայն այդ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որպեսզի մեկ կուսակցությունը վերցնի մեծամասնություն»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Ստեփանյանը:

«Դաշնակցություն» կուսակցության մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի խոսքով սահմանադրության նոր նախագիծը հնարավորություն է տալիս ընդդիմադիր կուսակցություններին ընդլայնել իրենց ներկայացվածությունը խորհրդարանում:

«Խոսքն ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու մասին է, որը ամրագրված է սահմանադրական փոփոխությունների տեքստում: Բանն այն է, որ իշխանական կուսակցությունը երբեք չի կարողացել համամասնական ընտրակարգով հավաքել 37 տոկոսից ավել ձայներ հավաքել: Իշխող կուսակցությունը կազմել է մեծամասնություն Ազգային ժողովում միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հաշվին: Այսինքն՝ այժմ առկա է ռեալ հնարավորություն, որպեսզի ընդդիմությունը լավ աշխատելու դեպքում ծանրակշիռ ներկայություն ունենա խորհրդարանում», – նշեց նա՝ հավելելով, որ «Դաշնակցությունը» կողմ է արտահայտվում սահմանադրության նոր նախագծին:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների հայտարարություններն ընդդիմության դերի բարձրացման մասին, ըստ ՀԱԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սեդրակ Հովհաննիսյանի, վստահություն չեն ներշնչում: «Իշխանության քայլերը միշտ ուղղված են եղել ընդդիմությանը ճնշելուն: Դա տեղի է ունեցել և՛ Ստեփան Դեմիրճյանի ժամանակ 2003 թ.-ին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման ժամանակ 2008 թ.-ն: Մենք հիշում ենք, թե ինչպես վարվեց իշխանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն ժամանակվա ղեկավարի (ի նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտից հետո դուրս եկավ կուսակցությունից և քաղաքականությունից – խմբ.) հետ: Այսքանից հետո խոսել ընդդիմության դերի բարձրացման մասին, անիմստ է», – պարզաբանեց նա:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մարգարյանը նախ նշեց, որ կայուն մեծամասնության գաղափարը ներմուծված է սահմանադրության նոր նախագիծ, որպեսզի ապահովի ՀՀԿ-ի կառավարման կայունությունը: «Կոալիցիայի մասին խոսք չկա, քանի որ Հանրապետական կուսակցությանը, հաշվի առնելով վերջինիս ռեսուրսները և հնարավորությունները, ոչինչ չի կարող խանգարել հավաքել ձայների 60+1%, և ապահովել կայուն մեծամասնություն, առանց կոալիցիա կազմելու», – պարզաբանեց նա:

Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ Դավիթ Դավթյանն էլ ներկայացրեց ԿԸՀ-ի հետ համատեղ իրականացվող աշխատանքները մարզում հանրաքվեին ընդառաջ ընտրատեղամասերի պատրաստման և կահավորման մասով: Դավթյանը, չնայած այն հանգամանքին, որ հրավիրված էր քննարկմանը, որպես պետական պաշտոնյա և գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնուամենայնիվ բաց տեքստով կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին: Քննարկման վարողի դիտարկմանը, թե մարզպետարանի աշխատակցի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քարոզ, նա պատասխանեց. «Ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում, որպես անձ»:

Քննարկման ամբողջական տեսանյութը

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30