Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը հետաքրքրված է ուսանողների փոխանակման երկկողմ ծրագրերով

Նոյեմբեր 30,2015 16:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը շնորհավորել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական կրթական հարաբերությունների զարգացմանը.

«Մենք բարձր ենք գնահատում կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները, բայց նաև վստահ ենք, որ կա առաջընթացի մեծ հնարավորություն»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն առավել արտահայտիչ է հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում: Դեսպանն իր հերթին նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն այժմ դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը միշտ գերակա է: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ կրթական ծրագրերի իրագործման նոր հնարավորություններին՝ ինչպես բարձրագույն և հետբուհական, այնպես էլ հանրակրթության ոլորտներում:
Դեսպանը նշել է, որ Իրանը հետաքրքրված է ուսանողների փոխանակման երկկողմ ծրագրերով, մասնավորապես առաջարկելով, այս համատեքստում դիտարկել Թեհրանի Ազատ համալսարանի և ՀՀ բուհերի հետ համագործակցելու հետաքրքրությունը: ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ Հայաստանը շահագրգռված է ՀՀ-ում իրանցի ուսանողների թվի ավելացման հարցում, շեշտել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել կրթության որակի բարելավման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կրթական փաստաթղթերի փոխճանաչման ուղղությամբ: Ա. Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է նաև ԵՄ ծրագրերում ինտեգրման փորձը փոխանցել Իրանին:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի բուհերում իրանական կողմի հետ համատեղ գիտական ամբիոնի հիմնադրման հեռանկարը իրատեսական է համարում: Ա. Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևոր է՝ Իրանում գործող հայկական կրթական կենտրոնների զարգացումը և այս հարցում Հայաստանն ակնկալում է Իրանի կառավարության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև կրթական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի և մշակույթի հոսքային ուսուցման հնարավորության հարցերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխադարձ այցելություններ կազմակերպելու, համատեղ ծրագրերին առնչվող աշխատանքներն առավել ակտիվացնելու վերաբերյալ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30