Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Պապյան. «Խաչատրյանական փառատոնը սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր ծրագրերով»

Նոյեմբեր 30,2015 16:29

Նոյեմբերի 28-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ մեծանուն դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ, բացառիկ էր այն առումով, որ Վահագն Պապյանը միաժամանակ հանդես էր գալիս որպես մենակատար և դիրիժոր։ Լեփ-լեցուն դահլիճը տպավորված էր համերգով: Հանդիսատեսը նշում էր, որ հայաստանյան բեմում այսպիսի ֆորմատով ելույթ չի հիշում։

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած երեկոյի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, ապա Դաշնամուրի թիվ 21 կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան): Համերգի երկրորդ բաժնում ունկնդրին ներկայացվեց Կամիլ Սեն-Սանսի Երրորդ՝ սիմֆոնիան ՙԵրգեհոնով սիմֆոնիա՚:

Վահագն Պապյանն ուրախությամբ փաստեց, որ Խաչատրյանի անվան փառատոնն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է մեծ հաջողությամբ։ Ըստ մաեստրոյի՝ այն հանդիսատեսի կողմից սպասված իրադարձություն է՝ իր բազմերանգ գույներով, հետաքրքիր համերգային ծրագրերով։ Նրան հատկապես ուրախացնում է Երևանում ակտիվ երաժշտական կյանքի առկայությունը։ Վահագն Պապյանը, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, ընդգծեց, որ տարեցտարի մեծ վերելք է տեսնում կոլեկտիվում. «Հետևելով Երիտասարդական նվագախմբին՝ ես նկատում եմ ուրվագծած մի մեծ ճանապարհ, որով ընթանում է նվագախումբը»։

Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 1-ի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Զաքարյանն ընդգծում է, որ Վահագն Պապյանը համաշխարհային կատարողական արվեստում մեծ երևույթ է, և մենք պետք է պարծենանք, որ ունենք Վահագն Պապյանի նման երաժիշտ. «Մենք պետք է կարողանանք փայփայել, գուրգուրել, պահպանել և վայելել նրա արվեստը։ Հազվադեպ է պատահում, որ նույն անձը և՜ փայլուն դիրիժոր է, և՜ փայլուն դաշնակահար։ Վահագն Պապյանը հենց այդ եզակի երաժիշտներից է»։

Երաժշտագետ Նոնա Ոսկանյանը նշում է, որ Վահագն Պապյանը ճանաչված ու պահանջված անուն է ամբողջ աշխարհում, նա կարողանում է երաժշտությունը մատուցել շատ ինքնատիպ, հետաքրքիր տեսանկյունից։ Նրա վիրտուոզ նվագը ծառայում է կոմպոզիտորի, ինչպես նաև իր՝ արվեստագետի մտահղացման բացահայտմանը։

Նշենք, որ Վահագն Պապյանը Վիանա դա Մոտա միջազգային մրցույթի դափնեկիր է (1979թ.)։ Ուսանել է Մոսկվայի պետական և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում։ Դաշնակահարի կարիերան մեկնարկել է 1980թ.։ 1984թ. կայացել է երաժշտի՝ որպես դիրիժորի առաջնաելույթը։ Նույն տարում հրավիրվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ որպես 2-րդ դիրիժոր, 1987-89թթ.՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1991թ. հանդես է եկել որպես Բեեր Շևայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ինչպես նաև ղեկավարել է Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտի ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է 49 երկիր, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ 2008-2013թթ. եղել է Ղազախստանի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2006-ից առ այսօր Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։

Վ. Պապյանը համագործակցել է Վ.Գերգիևի, Ա.Կորսակովի, Օ.Կոգանի, Դ.Խվորոստովսկու, Վ. Տրետյակովի և հայտնի այլ երաժիշտների հետ։ Մշտապես անսամբլային կազմում հանդես է գալիս ջութակահար Մ.Վենգերովի հետ։

Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երաժշտական այս իրադարձության գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։

 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30