«Սոցիալ դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ ընտրողը դեռ տեղյակ չի նոր Սահմանադրության բովանդակությունից:
«Չեղավ այնպիսի քարոզարշավ կամ բնակչության կողմից հետաքրքրվածություն, որ ուսումնասիրեն Սահմանադրության տեքստը ու հասկանան՝ իրենց այդ Սահմանադրությունը պե՞տք է, թե՞ չէ: Լուրջ իրական քննարկում ընտրողի հետ չի եղել, նույնիսկ մենք չենք ստացել ամբիոն, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում ոչ: Ինչ կատարվում է , արվում է շոուի մակարդակով»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Արամ Սարգսյանը:
Նա հետո մանրամասնեց՝ ինչու ոչ ասել հանրաքվեին. «Հայտարարում են տարբեր իրավունքների մասին, բայց դրանց ապահովման համար ոչինչ չի գրված նոր Սահմանադրությունում: Իրավունքը ընդամենը հայտարարված է, օդում կախված: Պետությունը իր վրայից գցել է սոցիալական խնդիրների լուծումը»:
Պարոն Սարգսյանը մտավախություն ունի, որ պատգամավորների ռեյտինգային քվեարկություն է լինելու, անցնելու ենք խորհրդարանական կառավարման մոդելի, բայց պարզվելու է՝ համամասնական ընտրակարգը կրկին չի անցել, կոալիցիա այդպես էլ չի ձեւավորվելու, միշտ մի պատճառ կգտնվի՝ ասելու, որ կոալիցիա չի ստացվում, գնում ենք երկրորդ փուլ. «Ասում են մի քայլ առաջ ենք գնում, այսինքն՝ շնից մազ պոկելն էլ քյա՞ր է: Գնացել էի մի քարուքանդ գյուղ, մի քարուքանդ տան վրա գրված էր՝ ասեք այո: Մարդիկ այդ գյուղում աշխատանք չունեն, անբարեկարգ փողոցներ են, ինչի՞ն այո ասեն:
Կարդացեք նաև
Այս իշխանությունները հանրաքվեի խնդիր դնելու իրավունք չունեն: Մեր կողքին շտաբ կա, գալիս ասում են՝ փողը ձեզ մո՞տ են տալիս: Եթե այս նույն ձեւով պիտի գնա, վայ մեր պետությանը»:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ բացատրում է՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելն ու հանրաքվե անելը իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում ու չպետք է քննադատել այդ փոփոխությունները, ինչ է թե իշխանություններն են նախաձեռնել. «Մարդու իրավունքների ու ազատությունների մասով հսկայական փոփոխություններ են արվել ու իրավունքների ապահովման առումով մեխանիզմներն ավելի կիրառելի են նոր Սահմանադրությամբ: Գործող սահմանադրությունում մի շարք իրավունքներ ունենք, բայց դրանց կիրառման մեխանիզմները չկան… բայց հիմա մերժելով նոր Սահմանադրությունն ի՞նչ ենք անում, ստացվում է՝ ամեն անգամ ոտքներս դնում ենք փոցխին, խփում մեր ճակատին ու շշկռված տուն ենք գնում: Որ չկրկնենք միեւնույն սխալը, պետք է ասենք այո, որովհետեւ ունենալու ենք պատասխանատու իշխանություն ու ընդդիմություն: Ես տեսնում եմ, որ հաճախ ընդդիմությունը չհիմնավորված քննադատությամբ է հանդես գալիս, չունի լծակ այդ քննադատությունն իրագործելու ու դառնում է կոտրած տաշտակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ