Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Եսայի. «Դժվար է աշխարհաբարով ամբողջական հոգեւոր գրականություն գտնել»

Նոյեմբեր 30,2015 15:40

Նոյեմբերի 16-ից Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ մեկնարկել է Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթացը:

Aravot.am-ը ծրագրի բանախոս, ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ստացել ծրագիրը: Քահանան տեղեկացրեց, որ առաջին երկու դասերին առնչվող տեսանյութերն արդեն տեղադրված են ԳԱԱ համապատասխան հարթակում: Տեսանյութն ամբողջական թեման չի բացում, հետաքրքրվողին առաջարկվում է նաեւ ընթերցանության նյութ. «Հիմա այն փուլում ենք, որ փնտրում ենք նաեւ համապատասխան հոգեւոր գրականություն հայերեն լեզվով, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ: Աշխարհաբար հայերենով դժվար է գտնել հոգեւոր բոլոր թեմաներին առնչվող ամբողջական գրականություն: Հետեւաբար, հավաքում ենք տարբեր հրապարակումներ, նյութեր եւ հոդվածներ, ի մի բերում եւ տեղադրում հարթակում: Չեմ կարող ասել՝ ուսանողների արձագանքն ինչպիսին է, որովհետեւ շատ ուսանողներ դեռ համակարգում գրանցված չեն»,-ասաց տեր Եսային:

Նրա խոսքով՝ տեսանյութը աստվածաշնչյան այս կամ այն թեման հասկանալու միջոց է, բայց մարդիկ պետք է նաեւ կարդան. «Ես ներկայացնում եմ, օրինակ, Քրիստոսի ծննդյան պատմությունը, իսկ դրան օժանդակ նյութը գրավոր տեսքով է»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երկու սփյուռքահայեր են հետաքրքրված ծրագրով, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դեռեւս չեն կարողանում մուտք գործել ԳԱԱ համակարգ. «Շուտով կլուծենք այդ խնդիրը: Այս պահի դրությամբ 15 հոգի է գրանցվել: Առաջին անգամվա համար, կարծում եմ, բավարար է, որովհետեւ դիմորդների թիվը 30 է: Տեխնիկապես գրանցվելը դեռեւս բոլորի մոտ չի ստացվում, ինչը համակարգչային գիտելիքների մասին փոքր-ինչ անտեղյակ լինելու հետեւանք է»:

Հավելենք, որ դասընթացն անվճար է: Մասնակցելու համար պետք է գրանցվել ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30