Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործից առանձնացված մասի քննությունը:
Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա մեղադրվում է ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին դատական նիստը հետաձգվել էր, ու հաջորդ նիստը նշանակվել էր նոյեմբերի 30-ին: Հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը՝ դահլիճ մտնողները ստուգվեցին մետաղորսիչներով:
Այս անգամ եւս դատական նիստը կարճ տեւեց, դատարանը ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի խնդրանքը հարգելով որոշեց այն հետաձգել՝ քանի որ ամբաստանյալի պաշտպանը չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 15-ին, ժամը 12:30: Իսկ վկա Ահարոն Հակոբյանի ներկա գտնվելն ապահովելու համար դատարանը որոշեց նրան բերման ենթարկել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ