Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը՝ Հայկ Կյուրեղյանին. «Բառերիդ մեջ չափավոր եղիր»

Նոյեմբեր 30,2015 13:51

«Կեցցե′ այն Հայաստանը, որը վաղն է գալու». Հայկ Կյուրեղյանն այս կարգախոսով եկավ դատարան: Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչակյան):

Կյուրեղյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է՝ վերացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ սեպտեմբերի 15-ին դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Kyurexyan_1

Վերաքննիչ դատարանում Հայկ Կյուրեղյանը դատավորի հարցերին պատասխանում էր առանց ոտքի կանգնելու: Դատավորը նկատողություն արեց, թե հարցերին ոտքի կանգնած պատասխանեք:

Դատարանի դահլիճում Հայկ Կյուրեղյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը չի ցանկանում պաշտպան, հրաժարվում է պաշտպան Հոբոսյանից. «Պաշտպանն ավելորդ եմ համարում: Ես մեր դատարանը իրավական համակարգ չեմ համարում, դրա համար էլ ընդամենը գործիք եմ համարում, որ մարդկանց փակեն: Զավթած իշխանությունը դատարաններն է զավթել, դրանք իր կամակատարներն են, դրա համար այս համակարգը չեմ համարում իրավական համակարգ, դրա համար իրավական հարթության վրա խոսելու բան չունեմ»:

Kyurexyan_2

Հայկ Կյուրեղյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի մեղադրանքի տեքստը փոխվի ու հիմնավորեց. «Ես մեքենայի վրա եմ բարձրացել հասարակությանը իմ գերակայությունը ի ցույց դնելու մղումով: Ես եթե մեղավոր եմ հասարակական կարգ խախտելու համար, թող մեղադրանքում նշվի հասարակական կարգ խախտելը, իսկ եթե իմ գերակայությունը ի ցույց դնելու համար, թող ևս մեկ մեղադրանք ներկայացվի»: Դատավորը հարց բարձրացրեց, արդյոք դա՞ է ուղին խնդիրները լուծելու, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Եթե հասարակությունում գոյություն ունեցող նման խնդիրները քաղաքակիրթ ձևերով չես կարողանում լուծել, բա այդպես պետք է լուծվի: Եթե մեզ վերաբերվում են բիրտ ձևերով, մենք էլ բիրտ պատասխան ենք տալիս: Անկախ նրանից՝ այս մանկլավիկ դատարաններն ինձ կարդարացնեն, թե՝ ոչ, ժողովուրդն ինձ վաղուց արդարացրել է»: Այս հայտարարությունից հետո դատավորը դիմեց Հայկ Կյուրեղյանին. «Նայիր դեմքիս, մյուս անգամ բառերիդ մեջ չափավոր եղիր, կոռեկտ խոսիր դատարանի հետ»: Հայկ Կյուրեղյանն արձագանքեց. «Իմ բառերի համար ինձ դիտողություն մի արեք: Իմ բառերը հավասարակշռված են, և ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր բառի համար»: Ի դեպ, Հայկ Կյուրեղյանի հետ նիստի ողջ ընթացքում դատավորը խոսում էր «դու»-ով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30