Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը «ազգի նվիրյալներ» է անվանում ԱԱԾ-ի կալանավորած զինյալ խմբի անդամներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2015 12:58

«Մոտենում ենք եզրագծին: Այդպիսի զգացողություն ունեմ: Առաջիկա օրերն արտառոց են լինելու հայ ժողովրդի համար»,- այսօր հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգողներից Ժիրայր Սեֆիլյանը:

«Ոչ»-ի շտաբի պետը ամփոփեց իրականացրած քարոզարշավը եւ խոսեց վաղվա հավաքից: «Մեկ ամսում մենք զբաղվել ենք քարոզչությամբ`ի տարբերություն «ոչ»-ի մյուս շրջանակների`շեշտադրում դնելով հանրաքվեի ընթացքը կասեցնելու վրա, ոչ թե մասնակցելու եւ «ոչ» ասելու»,- ասաց նա`հավելելով, որ իր տեղեկություններով, երկրի ներսում եւ երկրից դուրս տարբեր ատյաններում քննարկվում է կասեցման գործընթացը. «Մեր մի փոքր ճնշման տակ հակառակորդը հանձնվելու է»:

Քարոզչության հիմնական նպատակը եղել է իրազեկել ժողովրդին, որ դեկտեմբերի 1-ին պիտի ազգովի հավաքվենք: «Նոր Հայաստանը» եղել է բոլոր 38 շրջաններում, որտեղ «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամները չեն եղել, թռուցիկ խմբերն են եղել, օգտվել են անվճար հեռուստաժամի հնարավորություններից, տեղական եւ հանրապետական մամուլից, լիարժեք օգտագործել են համացանցը: «Մեզ հաջողվել է ժողովրդին իրազեկել, որ ամսի 1-ին համազգային հավաք է լինելու»,- ասաց Սեֆիլյանը`համոզմունք հայտնելով, որ դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդական պայքարը մինչեւ հանրաքվե չի հասցնելու գործընթացը:

Նա կոչ արեց ակտիվ լինել եւ վաղը ժամը 18.00-ին մասնակցել Ազատության հրապարակի հավաքին`հստակ նպատակ ունենալով, որ տուն չենք գնալու, մինչեւ չազատվենք այս «կեղեքող համակարգից»: Հորդորեց հանդերձանքի եւ սննդի իմաստով պատրաստված գալ, որքան մարդիկ ինքնաբավ լինեն, այնքան այդ բեռը իրենց վրա թեթեւ կլինի: Ամեն դեպքում, շտաբը կհոգա այդ հարցերը:

Ի դեպ, «Նոր Հայաստանը» առավոտյան իրազեկել է քաղաքապետարան`վրանների տեղադրման թույլտվություն ստանալու համար: Հնարավոր է նաեւ պայքարի նման միջոց ընտրվի: Վաղը մարզերից եկողներին տրանսպորտի հարցում «Նոր Հայաստանը» կօժանդակի: Ճանապարհների խոչընդոտումների դեպքում պիտի շտաբի հետ տեղական պատասխանատուները կապը պահեն եւ արագ իրազեկեն իրավապահներին: Եթե իրավապահները չարձագանքեն`« անձամբ իմ հանձնարարականով, կշրջանցեն այդ խոչընդոտները»:

Երեկ էլ «Նոր Հայաստանը» հայտարարել էր, որ պատրաստ են իրավապահների հետ համագործակցել`ժողովրդի, երկրի անվտանգության հարցում: Արձագանք դեռ չկա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`«Նոր Հայաստանի» հույսը Գորիկ Հակոբյանի, Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառո՞ւյցն է: «Մենք վստահում ենք մեր ժողովրդին, բայց այդ իրավապահների նկատմամբ համապատասխան վերաբերմունք ենք դրսեւորելու, նրանք էլ հայ մարդ են եւ հասկանում են, որ այսպես հնարավոր չէ շարունակել ու իրենց գործառույթում դրսեւորվելու հնարավորություն իրենց կտանք: Այլապես`ժողովուրդը կճնշի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին` հարցի պատասխանը եղավ. «Եթե նա գիտակցի պահի լրջությունը, իրեն սպասվում է Յանուկովիչի տարբերակը, հակառակ պարագայում`Չաուշեսկուի»:

ԱԱԾ-ի իրականացրած վերջին հակաահաբեկչական օպերացիային էլ անդրադառնալով, բանախոսն ասաց, որ այդ «մասկի շոուով» իշխանությունը նպատակ ունի ժողովրդին վախեցնելու: Ձերբակալվածներ մեծ մասը, ըստ նրա, ազգի նվիրյալներ են ու չի հասկանում, եթե ԱԱԾ-ն վաղուց է տեղեկություն ունեցել, ինչո՞ւ են հիմա գործում: «Այդ մասկի շոուով տապալվել են, բայց փակագծերը առաջիկայում կբացեմ: Հակառակորդը մի քանի հիմարություններ էլ թող բաց թողնի, նոր»,- ասաց Սեֆիլյանը:

Ինչ վերաբերվում է իրենց կալանավորման սցենարին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա Բաղրամյան 26-ում միշտ էլ կա, բայց իրենք շարունակում են «Հարյուրամյակն առանց ռեժիմի» սկզբունքով գործել: «Սա ժողովրդական ընդվզմամբ ռեժիմից ազատվելու վերջին հնարավորությունն է, այսուհետ այլ մեթոդներ կլինեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30