Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ոչ ասողներ են հանրաքվեին այո քվեարկելու». ՀՀԿ-ական պատգամավոր

Նոյեմբեր 30,2015 12:52

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց:

«Որովհետեւ ոչ-ի ճամբարն այդպես էլ որեւէ լուրջ փաստարկ չբերեց, որ փոփոխությունների այս փաթեթը լավն ու առաջադիմական չէ: Հիմնական փաստն այն է՝ քանի որ հանրաքվեի նախաձեռնողը այսօրվա իշխանություններն են, ուրեմն վատն է, ուրեմն իշխանությունները չար նպատակ են հետապնդում վերարտադրվելու եւ այլ նպատակներ: Սա առաջադիմական փաթեթ է, տասնամյակներ շարունակ խոսել ենք խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին, եւ նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա դեմ են արտահայտվում, խոսել են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին, կառավարման խորհրդարանական մոդելի մասին: Ոչ ասելով՝ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ սա ոչ այնքան այո-ի ու ոչ-ի քարոզարշավ է, այլ կամ- կամ-ի քարոզարշավ: Կամ կողմ ենք քվեարկում գործող սահմանադրությանը, կամ ընտրում առաջարկվող նոր առաջադիմական Սահմանադրությունը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ հակադարձեց՝ այնպես չէ, որ այո-ի քարոզողները ներկայացրել են առավելություններ, ոչ-ի ճամբարը խուսափել է մտնել բանավեճի մեջ. «Եթե խոսել ենք համամասնական ընտրակարգի մասին, չենք խոսել կայուն մեծամասնության մասին, խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, որը մեր պատկերացմամբ այլ մոտեցումներով պետք է արվեր: Չենք խոսել մարդու իրավունքների համակարգում տոտալ հետընթացի մասին, ինչը կա առաջարկվող տարբերակում: Այսինքն, գործընթացն այնպես է տարվել, որ նույնիսկ խորհրդարանական համակարգի կողմնակիցները չեն կարող ասել այո, ինչպես՝ ես»:

Պատգամավորը հարցրեց՝ այսինքն կո՞ղմ եք գործող Սահմանադրությանը, պարոն Սաֆարյանն ասաց՝ գործող Սահմանադրությունն էլ իր սրտով չէ, բայց առաջարկվող Սահմանադրությանն էլ կողմ չէ, որովհետեւ իր համար ոչինչ չի փոխվելու. «Նոր սահմանադրությունն էլ չի փոխի ու չի բերի այն, ինչ ուզում էինք: Ինձ համար տարբերություն չկա՝ ուժի կենտրոնը մնում է Բաղրամյան 26-ում, թե՞ Մելիք Ադամյան է գալիս: Երկու Սահմանադրություններն էլ չունեն իշխանության տարանջատման, իշխանություններին զսպման մեխանիզմներ»:

Լեւոն Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ աննախադեպ լիազորություններ ու իրավունքներ է տրվում խորհրդարանում ընդդիմադիր ուժերին. «Այս պահին ընդդիմությունը խորհրդարանում դերակատարում չունի, բացի խոսելուց»: Նա նաեւ հավելեց, որ շատ ոչ ասողներ այո են քվեարկելու, որովհետեւ չգիտեն՝ ինչին են ոչ ասում: Պարոն Սաֆարյանն էլ հակադարձեց՝ իսկ ձեզ շատ այո ասողներ, ոչ են քվեարկելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    այսինքն ձեր ոչ – երը այո են սարքելու

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30