Նոյեմբերի 26-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը Ավստրիայի ազգային գրադարանում կազմակերպեց լոնդոնաբնակ հայ պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը հին քարտեզներում» դասախոսությունը և նույն խորագիրը կրող հին քարտեզների ցուցահանդես:
Դասախոսությունը, որը պատմում էր հնագույն ժամանակներից մինչ օրս աշխարհի քարտեզներում Հայաստանի հիշատակման փաստերի մասին, ունկնդրեցին ավստրիացի պատմաբաններ, քարտեզագետներ, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Ռուբեն Գալիչյանի գիտական գործունեությանը և վերջին տարիների ընթացքում ունեցած ազգանվեր աշխատանքներին:
Ապա ներածական խոսքով հանդես եկավ Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, քարտեզագետ Պետրա Սվատեկը, ով պատմեց հնագույն և հին քարտեզների հետ տարած աշխատանքում իր ունեցած գիտական փորձի և Հայաստանի հետ ակամայիս ունեցած առնչությունների մասին:
Կարդացեք նաև
Ապա կարճ դասախոսությամբ հանդես եկավ ավստրո-բելգիական գիտական ընկերակցության նախագահ, քարտեզագետների միջազգային ասոցիացիայում Ավստրիայի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆան Միսսինեն, ով ներկայացրեց Ամերիկայի մայր ցամաքն առաջին անգամ նկարագրող և ըստ այդմ դրա «ծննդյան վկայականը համարվող» Լեոնարդո դա Վինչիի պատրաստած գլոբուսի վրա դոկտոր Միսսինեի կողմից հայտնաբերած Հայաստանի հիշատակման հանգամանքը:
Ապա դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, որից հետո պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին:
Միջոցառման վերջում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ հայ և ավստրիացի գիտնականների:
ԱԳՆ հաղորդագրություն