Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդիկ, դադարեցրեք ազգերի մասին ձեր վայրիվերո դատողությունները։ Եկեք խոսենք մեր մասին»

Նոյեմբեր 30,2015 14:30

Հատված նախկին խորհրդային կայսրության քաղբանտարկյալ, բանաստեղծ,
հրապարակագիր Մերուժան Հովհաննիսյանի՝ վերջերս լույս տեսած «Անփույթ տողեր» գրքից

1968թ. նոյեմբերի քսանիննին մեկ ամիս էր մնում իմ կալանքի ավարտին՝ սկսած սանկցիայի օրվանից, չնայած որ ես ձերբակալվել էի 1963թ. դեկտեմբերի քսանհինգի լույս քսանվեցի գիշերը։ Ուրեմն, մեկ ամիս հետո գալու էր իմ անագորույն տանջանքների վերջը, քանզի դատապարտված էի հինգ տարվա ազատազրկման։ Չմոռանամ ասել, որ հենց այդ օրը Հայաստանի կոմունիստները տոնում էին իրենց կարմիր կիրակին՝ երկրի խորհրդայնացումը, եւ այս մասին հաղթանվագ շեփորում էր Մոսկվան։ Միության կենտրոնական հեռուստատեսությունն ու ռադիոն տոնական ցնծությամբ ցուցադրում ու հաղորդում էին այն պատմական դրվագները, որոնցում ներկայացվում էր տասնմեկերորդ բանակի խուժանների մուտքն իմ հայրենիք։ Իսկ ես մեր մռայլ բանտախցում խորհում էի այդ արյունահեղ արշավանքի մասին ու նզովում բոլշեւիկներին։ «Այս հեղափոխությունը ժողովուրդներին բերեց արյուն ու բռնություն, սով ու գաղթ, աքսոր ու հալածանք։

Քանդվեցին եկեղեցիները, արհամարհվեցին մտավորականները, եկավ բատրակների իշխանությունը, եւ երկիրր ծածկվեց խավարով»,- բարձրաձայն հնչեց իմ մենախոսությունը։ Անատոլի Նարխովը գերազանցեց ինձ՝ ասելով. «Հեղափոխությունը հայրասպանություն է, ինչը հատուկ է անաստվածներին։ Եկեղեցիների ավերումը հոգիների ավերումն էր, այն օրերին մարդկանց մեջ միմյանց նկատմամբ ատելություն ու անվստահություն սերմանելու միակ միջոցը։ Մոռացիր Աստծուն, ուրացիր հավատդ, եւ դու, խիղճդ կորցրած, ամեն բարբարոսության կգնաս։ Ահա թե ինչու բոլշեւիկները մարդու միջից նախ՝ օտարում էին երկյուղն առ Աստված եւ ապա՝ նրան ավերածություններ գործելու համարձակություն ներշնչում։ Երկրում հեղափոխություն է կատարվում այն ժամանակ, երբ հասարակությունը առաջադիմում է, իսկ օրենքները մնում են քարացած»։ Մեր տխրառիթ զրույցին շտապեց մասնակցել նաեւ Իվան Վորոբյովը՝ թիվ յոթանասունութ կացարանի հին բնակիչը, որ հայտնի էր որպես արմատական միապետական եւ սերում էր տոհմական հուսարներից. «Հոկտեմբերյան հեղափոխությունը պետք է նկատել իբրեւ փոքր ազգերի ըմբոստության ու վրեժի արտահայտություն՝ ընդդեմ Մեծ Ռուսիայի։ Այս հեղափոխությունը, պարզ ասած, հրեական երեւույթ էր։ Ռոմանովների կայսրության օրոք հրեաները հայտարարված էին օրենքից դուրս։ Ռուսիայի դատարաններում հրեայի վկայությունը չէր ընդունվում որպես արժանահավատ խոսք։ Մի խոսքով՝ Ռուսաստանում հրեան ձայնազուրկ էր, այսինքն՝ իրավազուրկ»։ Զրույցը թեժանալով՝ վերածվեց բանավեճի, եւ Անատոլի Ռոդիգինը միջամտեց: «Հրեությունը դավանանք է,- ասաց նա,- սինագոգը մովսիսականների կրոնական կաստայի կենտրոնն է, որին անդամագրվել կարող է յուրաքանչյուրը, ով կընդունի Թորայի ճշմարտությունները։ Իրականում հրեա ազգ գոյություն չունի։ Մենք՝ Աբրահամի որդիներս, շումերներ ենք եւ ժամանակին ընդունել ենք հրեությունը, ինչի պատճառով ահա երկու հազար տարի է՝ հալածվում ենք քրիստոնյաների կողմից։ Սոսկալին այն է, որ աշխարհում կատարվող բոլոր մահացու մեղքերը վերագրվում են մեզ, որովհետեւ կոչվում ենք հրեա»։ Նման մեկնությունը զարմացրեց մեզ։ Սակայն առավել զարմանալին այն էր, որ այս բանավեճին չէր ցանկանում մասնակցել Էդուարդ Կուզնեցովը։ Նա զբաղվում էր հնդկաբուդդայական դավանաբանությամբ եւ խորացել էր յոգերի կենսափիլիսոփայության ուսումնասիրության մեջ։ Կուզնեցովին չէր հետաքրքրում իր շրջապատում գտնվողների ազգային պատկանելությունը։ Նրան հետաքրքրում էր մարդը։

Բանավեճը լեզվից լեզու կրակ էր առնում, դառնում աղմուկ։ Վերջապես Կուզնեցովն ընդհատեց քաոսը: «Մարդիկ,- հանդարտիկ ասաց նա,- դադարեցրեք ազգերի մասին ձեր վայրիվերո դատողությունները։ Եկեք խոսենք մեր մասին։ Մենք՝ բոլորս, այս աշխարհի նախավերջին ճամփորդներն ենք, եւ մեզնից յուրաքանչյուրն իր նվաղկոտ քայլերով գնում է դեպի իր վերջը։ Այնպես որ, եկեք լռությամբ ապրենք մեր օրը, քանի դեռ չի եկել վերջին լռությունը։ Միեւնույն է, աշխարհի վերջին մարդը չի հիշվելու…»։ Անցավ ցերեկը։ Եկավ երեկոյան ընթրիքը։ Ընդունեցինք կերակուրը՝ «ՍՈՔՈ տպՐսՏՉՈÿ», եւ խաղաղվեցինք՝ պատի միջից մեզ նայող աղոտ լույսի ներքո։ Մինչեւ քնելը դեռ երկու ժամ կար, ուստի օրվա ծանր զրույցի ազդեցությունից ազատվելու համար շախմատ խաղալու առաջարկ եղավ։ Առաջարկողը Նիկոլայ Սուվորովն էր՝ հիսունն անց ծյուրված մի բանտարկյալ, որի մի թոքը հեռացված էր։ Նա տառապում էր շնչարգելությամբ։ Անկումային տրամադրությունների մարդ էր Սուվորովը։ Այս մաթեմատիկոսը բանտում ճանաչված էր իբրեւ անմրցելի շախմատիստ եւ մեծ համարում ուներ մեր շրջապատում։ Նրա միակ ախոյանը Անատոլի Ռոդիգինն էր, որ անզիջում էր խաղալիս։ Այս երկուսի մրցավեճն անպայման ավարտվում էր կարճատեւ գժտությամբ։ Այսպիսով՝ Սուվորովը խորհրդավոր զգուշությամբ բախեց մեկուսարանի դուռը եւ հսկիչից շախմատ խնդրեց։

Ստացավ։ Հատ-հատ զննեց ֆիգուրները, որոնք կեղտոտված էին բանտարկյալների ձեռքերի քրտինքից։ Վերջապես խաղն սկսվեց եւ ավարտվեց Սուվորովի հաղթանակով։ Այս անգամ Ռոդիգինը հաշտվեց պարտության մտքի հետ եւ հանձնվեց առանց վիճաբանության։ Մեզ հրամայվեց քնել։ Մենք մտանք մեր քաթանե ծրարների մեջ եւ ճամփորդեցինք ցավերի ու խավարի աշխարհներում։ Եվ հանկարծ անորոշ ու անհասկանալի ձայներ լսվեցին։ Խախտվեց կացարանի կեսգիշերային անդորրը։ Աղերսագին շշուկով մեզ օգնության էր կանչում Նիկոլայ Սուվորովը։ Պարզվեց, որ նա, իր կյանքից ձանձրացած, կերել էր շախմատի փայտե ֆիգուրների մեծ մասը՝ ինքնասպանություն գործելու ցանկությամբ։ Երբ ստամոքսում սաստկացել էին ցավերը, նա ստիպված էր եղել դիմել մարդկանց։ Բայցեւայնպես, Սուվորովը չէր զղջում իր արածի համար եւ մահվան սպասող մահապարտի խաղաղությամբ արտասանում էր. «Ես հոգնել եմ կյանքից։ Ես այլեւս մարդկանց պետք չեմ։ Ես մեռնել եմ ուզում»։ Մենք անզորությունից ճչում էինք, անհանգստացնում հսկիչներին, որ բժիշկ կանչեն՝ մարդուն փրկելու համար։ Բժիշկը եկավ, իհարկե, մեծ ուշացումով։ Սուվորովն արդեն մահվան տենդի ու գալարքների մեջ էր։ Նրան տեղափոխեցին բանտին կից կենտրոնական հիվանդանոց, որտեղ նա վախճանվեց վիրահատության ժամանակ։ Նիկոլայ Մատվեեւիչ Սուվորովն իր մահկանացուն կնքեց՝ կնոջից եւ քրոջից մոռացված։ Նրա հեռավոր անդարձությունն ինձ հուշում էր իրեն նվիրել մի բանաստեղծություն, եւ ես իմ օրագրում գրեցի.

Այս աշխարհում դու տխուր ճամփորդ ես,
Եվ ճամփորդում ես հանց տարագիր,
Հավատդ կույր է, խիղճդ անփորձ է,
Կամքդ հեռու է հաղթանակից։
Ապրիր քո ցավը ինչպես կարող ես,
Թե անկարող ես՝ ջահդ մարիր,
Այն խավարում, ուր հոգուդ կարոտը
Կախված է մահվան սեւ կամարից…

Նիկոլայ Սուվորովի մահից մեկ շաբաթ էր անցել, երբ մեզ մոտ եկան կալանավայրերի գլխավոր վարչության (թձխԸթ) քննիչները եւ սկսեցին քննել մեր մեկուսարանի բանտարկյալներին։ Բանտի ղեկավարությունը ճգնում էր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դատապարտյալների մեջ փնտրել մեղավորներ, որպիսիք չկային։ Ի վերջո, խնդիրը լուծվեց հիշյալ օրվա հերթապահ հսկիչի պաշտոնանկությամբ։

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30