ՀՔԱ Վանաձորի գրասենյակն աջակցում է 2015թ. օգոստոսին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված, ապա «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած, Սուրենավան գյուղի բնակչուհի Կարինե Հարությունյանի խախտված իրավունքների պաշտպանությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Մղդեսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015թ. օգոստոսի 30-ի որոշման դեմ Կ. Հարությունյանի որդու՝ Գագիկ Թադևոսյանի կողմից բողոք էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ հիշյալ որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ/ քրեական գործ հարուցելու պահանջով:
Ներկայացված բողոքը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել է ՀՀ Երևան քաղաքի դատախազություն: Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Գ. Բաղդասարյանը, ուսումնասիրելով Կ. Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերը և քննարկելով Գ. Թադևոսյանի բողոքը, որոշել է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին Գ. Մղդեսյանի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիշյալ որոշմամբ Գ. Բաղդասարյանը նշել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննության առարկա չի դարձել «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բուժաշխատողների գործողությունների իրավաչափության հանգամանքը:
Մասնավորապես, չի պարզվել, թե ինչ վիճակում է Կ. Հարությունյանն ընդունվել բժշկական կենտրոն, ում կողմից և ինչ բուժօգնություն է տրամադրվել վերջինիս, ինչ պատճառով, ում նախաձեռնությամբ և երբ է Կ. Հարությունյանը տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, արդյոք այդ տեղափոխումը եղել է ժամանակին, թե ոչ: Գ. Բաղդասարյանը գտել է, որ նախապատրաստված նյութերն առերևույթ վկայում են Կ. Հարությունյանին բուժօգնություն ցուցաբերված բժիշկների արարքներում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության մասին, ինչը ենթակա է վերջնական ստուգման լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ: Հույս ենք հայտնում, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը կընթանա նախաքննական մարմնի՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու պարտականության պահպանմամբ, որի շրջանակներում կձեռնարկվեն բոլոր միջոցները Կ. Հարությունյանի մահվան իրական հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ