Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անձնագրայինի աշխատակից. «Դու անկեղծացել ես քննչական ծառայությունում»

Նոյեմբեր 30,2015 14:00

ՀՀ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժնի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի, աշխատակիցներ Աիդա Սարգսյանի, Սոֆյա Ունուսյանի, Գոհար Զարգարյանի, թաղային Վահագն Մելքոնյանի եւ Նավո Սլոյանի քրեական գործով դատարան երեկ եկած վկան նույն անձնագրային բաժնի աշխատակիցներից էր: Վկա Մարիամ Հովսեփյանին Հատուկ քննչական ծառայություն են կանչել երկու անգամ, բացատրություն տալու, իսկ մեկ անգամ էլ առերեսման: Նա ամբաստանյալների պաշտպանների հարցերին պատասխանելիս հայտնեց, թե իրեն կանչել են ՀՔԾ առանց ծանուցագրի, իսկ մինչ հարցաքննությունը քննիչը բանավոր իրեն ասել է, թե ինչի համար է կանչվել:

Արտյոմ Սեդրակյանի շահերը ներկայացնող փաստաբան Ժաննա Կոտիկյանին, որը նախկինում եղել է դատավոր, զինվորական դատախազ, հետաքրքրում էր, թե, արդյոք, անձնագրայինի պետը հրավիրե՞լ է ժողով, ուր ասվի, թե առանց քաղաքացուն տեսնելու՝ դիմումը մի ընդունեք:

Վկան ասաց, որ ժողովներ շատ են եղել, իսկ անձամբ իրեն նման հանձնարարական չի տրվել, քանի որ իր մտքով երբեւէ չի անցել, թե առանց քաղաքացու բաժին ներկայանալու հնարավոր է դիմում գրել, անձնագիր տալ: Այս գործով ամբաստանյալները մեղադրվում են որոշակի գումարի դիմաց հանրապետությունից բացակայող Ալբերտ Սլոյանին՝ ամբաստանյալ Սլոյանի թոռանն անձնագիր տրամադրելու համար:
Վկան նկարագրեց, թե ինչպես են քաղաքացիների դիմումները ընդունում, փոստով տանում պետի մոտ, երբեմն՝ օրը երկու անգամ: Հարցումները, փաստաթղթերի ընդունումը կատարում են աշխատակիցները: Անձնագրային ձեւաթղթերը իրենք ստացել են վիզաների վարչությունից, որոնք պահվել են բաժնում՝ պահարանի մեջ:

Այս վկան ասաց, որ մինչ ցուցմունք տալը, քննիչը ասել էր, որ Սոֆյա Ունուսյանը գրել է, թե իրեն ծննդյան օրվա կապակցությամբ 10 000 դրամ է տրվել:
Առավել լարված անցավ վկայի եւ նրա աշխատանքային մտերիմ ընկերուհու՝ Գոհար Զարգարյանի հարցաքննությունը:

Գոհարին հետաքրքրում էր, թե ե՞րբ է գումարի մասին իր մտերիմ ընկերուհուն ասել՝ քննչական գնալուց առաջ, թե հետո, ասե՞լ է, թե ինչ վիճակով է քննիչը գրել տվել 3000 դրամի մասին: Վկան սկսեց նյարդայնանալ, հարցով դիմեց ամբաստանյալին. «Որ գնացել ես, ինչ, չե՞ս գրել, քո բառերն եմ կրկնում, դու անկեղծացել ես քննչականում: Չեմ խորացել, անգամ մեղադրել եմ, ես չգիտեմ, ինչու ես գրել: Ես չեմ ուզում մանրամասները հիշել, քանի որ ինձ չի վերաբերում»: Ապա շրջվելով մեղադրանքը պաշտպանող երկու դատախազներից մեկին՝ Էդգար Արամյանին ասաց. «Որեւէ բառ չեմ փոխի, պարոն Արամյան»: Նիստի մասնակիցների քմծիծաղը տեսնելով՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից է ճանաչում դատախազին, վկան պատասխանեց՝ նոր է ճանաչում:
Գ. Զարգարյանի պաշտպանը հրաժարվեց հարցեր տալ, մի քանի հարցից հետո, անգամ չթաքցրեց, որ վկան որոշակի պատվեր է կատարում: Արտյոմ Սեդրակյանի երկու պաշտպանները միջնորդեցին, որպեսզի փոխվի նրա կալանքը գրավով: Առաջարկվեց կամ երկու միլիոն դրամ, կամ ծնողների բնակարանը: Ի դեպ, ծնողներից մայրը՝ քրեական գործերով հայտնի Իսկուհի Վարդանյանն է: Արտյոմ Սեդրակյանը մեկ տարի է՝ կալանավորված է, իսկ մյուս ամբաստանյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրությունը:

Արտյոմ Սեդրակյանը դատարանում դեռ ցուցմունք չի տվել, եւ մեղադրողներ Է. Արամյանն ու Մ. Մարտիրոսյանը նշեցին հենց այս հանգամանքը, որ նա ազատության մեջ գտնվելով՝ կազդի վկաների, իր նախկին աշխատակիցների ցուցմունքների վրա, որոնք նույնպես չեն տվել:

Եզդի Ն. Սլոյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակից Կարինե Խաչատրյանն ասաց, թե պետությունը յուրաքանչյուր կալանավորի համար օրական ծախսում է 6025 դրամ գումար, այս քայլով կթեթեւանա պետության հոգսը, Սոֆյա Ունուսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, թե «շարունակական կալանքը չունի հիմնավորում», եւ կողմ էր, որպեսզի փոխվի Արտյոմ Սեդրակյանի կալանքը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30