Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուս ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք»

Նոյեմբեր 30,2015 13:30

«Բարեկամություն», Պարի պետական եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլների տղամարդկանց համախմբեց ավանդական «Քոչարին»

Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ հայաստանյան պարարվեստի պետական երեք կոլեկտիվների համատեղ համերգը: Առաջին հայացքից թվում է, թե ընդամենը լավ նախաձեռնություն է, եւ վերջ: Իրականում համերգը, բացի խոշոր մշակութային իրադարձություն լինելուց, նաեւ համահայկական նշանակություն ուներ:

Բանն այն է, որ արվեստում տարածված է ու կարծրատիպ կա, թե, օրինակ, ոչ միայն անհատ արվեստագետները, այլեւ ստեղծագործական խմբերը միմյանց նկատմամբ խանդի զգացում են ունենում, հետեւաբար առանձնապես չեն ուրախանում մեկը մյուսի հաջողությունների համար:

Երեք պարախմբերի՝ «Բարեկամություն» (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), Պարի (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան) եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան) պետական անսամբլների համատեղ համերգը ջարդուփշուր արեց տասնամյակներով ձեւավորված կարծրատիպը: Առանց չափազանցության կարող ենք հայտարարել, որ գործելակերպի այս օրինակը խիստ անհրաժեշտ է մեզ՝ հայ ժողովրդիս, գործունեության բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքականությունից: Միտումնավոր բաժան-բաժան անելու գործելակերպին պետք է հակադրել բոլորի սրտից բխող՝ իրար միանալու այս բացառիկ երեւույթը, որը զուտ կայացած կամ հաջողված լավ համերգից ավելի բարձր ձեռքբերում է:
Առանց ընդմիջման կայացած պարային երեկոյի ընթացքում Երգի-պարի պետական անսամբլի պարային մասը ներկայացրեց Ա. Ղարիբյանի, Վ. Խանամիրյանի, Գ. Կարապետյանի, Հ. Խաչիկյանի եւ այլ ճանաչված բալետմայստերների բեմադրությունները Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Գ. Մանասյանի երաժշտությամբ, «Բարեկամությունն» էլ՝ ժողովրդական, Ա. Հովհաննեսի, Ա. Բերբերյանի, Տ. Մանսուրյանի, Խ. Ներսիսյանի եւ մյուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով ներկայացավ հայր եւ որդի Մեհրաբյանական բեմադրություններով: Իսկ Պարի պետականը ներկայացրեց հայ կոմպոզիտորական արվեստի երկերի հիման վրա բեմադրված գործեր, ոչ միայն հայ բալետմայստերների, այլեւ վրացի ճանաչված Մուրիկո Գոգոշիձեի ռեժիսուրայով:
Համերգի ավարտին երեք կոլեկտիվների արական սեռը ներկայացրեց ավանդական քոչարին: Բեմում էր ավելի քան 50 պարող: Նկարագրելու համար, թե ինչ ոգեւորություն էր տիրում դահլիճում՝ պետք էր միայն համերգի մասնակիցը լինել հանդիսատեսի կարգավիճակով:

Երեկոյի ավարտին ոգեւորված հանդիսատեսը կեսկատակ-կեսլուրջ խոսում էր այս օրերին սահմանադրական փոփոխություններին «այո» եւ «ոչ» ասելու մասին: Իսկ ընդհանրապես կարծիք էր հնչում, թե հայկական պարը, որ սկիզբ է առել դեռեւս նախաքրիստոնեական շրջանում ու հանդիսացել հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը, երբ դեռ Պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը, այսօր էլ արդիական է: Հանդիսականներից ոմանք ասում էին, որ նախագծի հեղինակ Նորայր Մեհրաբյանը պետք է հրավիրեր մեր քաղաքական գործիչներին եւ հենց այս համերգին գուցե լուծվեր «այո-ոչ»-ի գլուխկոտրուկը: Հետեւաբար հենց այնպես չէր ընտրված համերգի խորագիրը՝ «Ուս ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Բեմում երեք կոլեկտիվների տղաներն են՝ «միասնական» Քոչարիով:

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30