Բաքվում նոյեմբերի 27-ին կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որից հետո կազմակերպված մամլո համատեղ ասուլիսում Մամեդյարովը հայտնել է, որ Չավուշօղլուին իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցային գործընթացի մասին։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած այցի ժամանակ ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներ, առաջարկել է ինտենսիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումները. «Լավրովի առաջարկներն արվել են համանախագահող երկրների անունից։ Համանախագահների վերջին այցի ժամանակ Ադրբեջանում հնչեցվեց նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Մենք համաձայնել ենք, որ այդ հանդիպումը տեղի ունենա մինչեւ ընթացիկ տարեվերջ։ Համանախագահներն աշխատում են այդ հարցի շուրջ»։
Վերոնշյալ հայտարարությունը` կապված Լավրովի կողմից նոր առաջարկների հետ, Մամեդյարովն արել է երկրորդ անգամ: Այս ասուլիսի նախորդող օրը Թբիլիսիում Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը նա նույնպես խոսել էր այդ թեմայով, եւ պաշտոնական Երեւանը նոյեմբերի 26-ին ուշ երեկոյան արձագանքեց Մամեդյարովի հայտարարություններին: ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել էր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որ ըստ Մամեդյարովի` Լավրովի առաջարկները նախատեսում են հետեւյալը` «հարկավոր է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրսբերման, տեղահանված անձանց վերադարձի եւ ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների միջեւ շփումների հաստատման վրա»։
Տիգրան Բալայանը նշել էր հետեւյալը, որ Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումներին, ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն ասել է հետեւյալը. «Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների կողմից գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձեւակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները եւ տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնականաբար նաեւ Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների եւ տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։ Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավել եւս, որ այդ տարրերը եւ սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։ Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը եւ փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։ Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»:
Առհասարակ, Ռուսաստանի արտգործնախարարը վերջին շրջանում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան կատարած իր այցերի ժամանակ ընդգծված շեշտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արագ որոշումներ կայացնելու դիրքորոշումը: Ադրբեջանի ԱԳ նախարարը թեեւ հայտարարել է, որ Լավրովի առաջարկներն արվել են համանախագահող երկրների անունից, իսկ դրանից կարելի է ենթադրել, որ այդ առաջարկները համաձայնեցված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ, այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի հետ համաձայնեցված միտում ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդի «ղեկը» Ռուսաստանին հանձնել:
Կարդացեք նաև
Սա ունի, թերեւս, իր դրդապատճառները: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմաններին, ղարաբաղյան շփման գծում Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների, շարունակաբար լարվածություն պահպանելու քաղաքականությունն այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ Հայաստանում եւ Արեւմուտքում ամրացել էր այն համոզմունքը, որ Ռուսաստանն Ադրբեջանին բազմամիլիարդանոց զենքի վաճառքների պայմանագրերով ազատություն է տալիս Ալիեւին` սանձարձակ պահվածք դրսեւորելու: Իսկ սրա արդյունքում լրջորեն կասկածի տակ էր առնվում Ռուսաստանի` որպես ղարաբաղյան խաղաղ կարգավորման միջնորդի դերը. ինչպե՞ս է խաղաղության կոչ անում կողմերին միջնորդը, եթե հենց ինքն է զինում հակամարտող կողմերին:
Հավանաբար, այժմ Ռուսաստանը, որը ձգտում է աշխարհաքաղաքական գործընթացներում վերադարձնել իր ազդեցությունը, դաշնակիցներ գտնել ու դուրս գալ միջազգային մեկուսացումից, նաեւ Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում է փորձում իր դիրքերն ամրապնդել, ինչին նպաստում ու աջակցում է պաշտոնական Բաքուն՝ Մամեդյարովի նման հայտարարություններով:
Ուշագրավ էր նաեւ օրերս ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի անդրադարձը Ռուսաստան-Թուրքիա սրված հարաբերություններին` ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: Ռուս-թուրքական լարվածությունն ուղղակիորեն կապվել էր Ռուսաստանի կողմից Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիայի պատասխանատվության հարցի արծարծման հետ: Հրապարակման մեջ հիշեցրել էին 2015թ. ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիշատակի միջոցառումներին, եւ այն, որ Մոսկվային բողոք արտահայտելով ՌԴ բարձր քաղաքական ղեկավարության մակարդակով Ցեղասպանության ճանաչման համար՝ Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին համագործակցությունը՝ խափանելով հիշատակի օրվանից անմիջապես հետո ծրագրված՝ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
Կարծես նպատակ ունենալով «պատասխան քայլ» ներկայացնել Մոսկվային՝ պարբերականը մատնանշել էր Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այցը Բաքու եւ օրերս Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հավաստիացումը, թե` «Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11..2015