Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային հեռուստաընկերություններին դրել են «կաթիլայինի տակ»

Նոյեմբեր 29,2015 13:08

Թվայնացման անցման գործընթացի պատճառով մարզային մի շարք հեռուստաընկերություններ կանգնած են փակման վտանգի առաջ: ՀՀ-ն 2016-ի հունվարից անցում կկատարի թվային հեռարձակման: Խոսքի ազատության  պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)՝ նոյեմբերի 28-29-ին Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովին Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են հեռարձակվել անալոգայինով, ուստի մնալու են մրցակցությունից դուրս:

Այնուհետև նշեց, թե ինչու չեն մասնակցել թվայնացման մրցույթին. «Մենք չմասնակցեցինք մրցույթին, որ չլեգիտիմացնենք այն: Նաև անալոգայինը դեռ ժամանակ ուներ: Մյուս կողմից հույս ունեինք, որ ի վերջո հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կկատարվեն փոփոխություններ, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն մարզային, այսպես ասած, խաղից դուրս մնացած հեռուստաընկերությունների համար: Բայց դա չեղավ»:12312309_1072397726137781_1484774636_n

Տիկին Ավետիսյանը նշեց, որ իրենք արդեն հայտնվել են անառողջ մրցակցային պայմաններում. «Ամեն ինչ անում են, որ ֆինանսական անկայունության մեջ հայտնվես: Բոլոր գովազդատուները տեղեկացվում են նրանցից, որ շուտով «Լոռին» փակվելու է, և մեզ մոտ գովազդ տեղադրեք, իսկ բոլորը լավ գիտեն, որ մեր ֆինանսական աղբյուրը միայն գովազդն է, որի ութսուն տոկոսը տեղական գովազդն է: Մեզ հասցրել են ֆինանսական այնպիսի անկայունության, որ խաղաղ ճանապարհով մենք գնանք մահացման»:

Նարինե Ավետիսյանն ասաց. «Իշխանություններն ուզում են ազատվել գլխացավանքից: «Ալտ», «Հրազդան», «Լոռի», «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունները, որոնք որևէ կերպ չեն վերահսկվում, արդեն գլխացավանք են»:

Տիկին Ավետիսյանն անդրադարձավ նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի այն առաջարկին, թե վճարեք և մենք հնարավորություն կտանք, որ մարզային ևս հինգ հեռուստաընկերություններ հնարավորություն ունենան մուտք գործել մուլտիպլեքսներ: Նա մանրամասնեց. «Բայց ինտեգրվել թվայնացման գործընթացին մեծ գումարներ արժեն: Պետք է վճարեինք մոտ 20.000 դոլար նախապես և ամսական 2000 դոլարի չափ ծառայության համար: Բայց դրանք շատ մեծ գումարներ են մեզ համար: Նաև մարզի թվային հեռուստաընկերությունները աղմուկ բարձրացրեին, թե մենք մարզում պետք է միակը լինենք, ընդդիմացան: Մենք նաև Ամալյանին առաջարկեցինք, որ դա ամրագրվի օրենքով, նա ասաց, որ հնարավոր չէ. ստացվում է՝ դա բարի կամքի դրսևորում է»:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը վկայակոչեց Վրաստանի փորձը. «Վրաստանում պետությունը լիցենզիան նվիրել է և թույլ տվել, որ բիզնեսի այդ ոլորտը զարգանա: Այնտեղ 20.000 մինչև 80.000 դոլարանոց մուլտիպլեքսներ են տեղադրված, որոնք մարդիկ աշխատացնում են: Փոքր մուլտիպլեքսների քաղաքականությունն է կիրառվել, իսկ մեզանում հակառակն է: Ուզում են մեկ շատ մեծ մուլտիպլեքս աշխատացնել, որ ևս մեկ օլիգարխ այդ ոլորտում գա առաջ և ինքն էլ որոշի՝ որ հեռուստաընկերությունն է վերցնում մուլտիպլեքս, ում՝ ոչ: Սա այն օրենքի նախագծով է ամրագրված, որը օրեր անց կներկայացվի: Այն, ինչ անում են, դեմ է թվայնացմանը: Ինչո՞ւ պետք է որևէ հեռուստաընկերություն խտրական մոտեցմամբ աշխատի այս տեխնիկական հնարավորությունների դարաշրջանում»:

Նշենք, որ մարզային հեռուստաընկերություններն այժմ վեց ամիսը մեկ երկարացնում են իրենց անալոգային հեռարձակման լիցենզիան: Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը սա բնութագրեց, որ նրանց դրել են «կաթիլայինի տակ»:

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը պատճառաբանեց, թե ինչու է մարզային հեռուստաընկերությունների գլխին նման փորձանք եկել. «Մարզերում կան որոշ հեռուստաընկերություններ, որոնք կարող են դառնալ անվերահսկելի: Այդ պատճառով էլ նման քաղաքականություն են վարում»:

Դառնալով այն առաջարկին, թե գուցե անցնեն համացանցային հեռարձակման՝ պարոն Հարությունյանը փաստեց. «Մենք ունենք համացանցային հեռարձակում, բայց մարզից համարյա չեն նայում, այլ նախկին հրազդանցիներն են հետաքրքրված, որոնք գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30