Հյուսթոնում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականներից վերջինը մրցասպարեզ մտան գերծանրքաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ինչպես ցույց տվեց պայքարի ընթացքը, թե Ռուբեն Ալեքսանյանը, թե Գոռ Մինասյանը միանգամայն ի վիճակի էին երկամարտում մրցանակային տեղ զբաղեցնել:
Գոռ Մինասյանը (գլխավոր լուսանկարում), այդուհանդերձ, մեկ փոքր բրոնզ նվաճեց՝ պոկում վարժությունում ցույց տալով 203 կիլոգրամ: Սակայն հրումում նրա 234 կգ-ն ութերորդ արդյունքն էր, իսկ երկամարտի 437 կիլոգրամը՝ չորրորդը: Գոռին ընդամենը մեկ կիլոգրամ չբավարարեց մեծ բրոնզի համար:
Թեեւ պոկում վարժությունում Ռուբեն Ալեքսանյանը բավարարվեց 192 կիլոգրամով (9-րդ ցուցանիշ), սակայն հրումում եւ երկամարտում լիովին ի վիճակի էր պակասող կիլոգրամները լրացնել եւ պայքարել մեդալի համար: Հաջող սկսելով 241 կգ-ից՝ Ռուբենը երկրորդ մոտեցման համար պատվիրեց 246 կգ, սակայն վարժության կատարման երկրորդ հատվածում վնասեց ծունկը եւ մարզիչները ստիպված եղան հրաժարվել երրորդ մոտեցումից եւ Ռուբենը երկամարտի 433 կգ-ով բավարարվեց ութերորդ տեղով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց տվեց 260 (115+145) կիլոգրամ, ինչը 14-րդ արդյունքն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ