«Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի Ակումբը» նոյեմբերի 26-ին ակումբի հերթական նիստում հյուրընկալել է Ազգային արժեքների պահպանման ճակատի նախագահ եւ Երևանի երիտասարդական քաղաքապետարանի հիմնադիր Սևան Աղաջանյանին: Հիշեցնենք, որ վերջինս հաճախակի հանդես է գալիս ընդդեմ կրոնական կազմակերպությունների:
Ավելի վաղ ակումբի հյուր խոսնակ էր դարձել Ռեանիմանիա ֆիլմերի փառատոնի հիմնադիրը:
Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ «Ռոտարի» ակումբները մասոնական են:
«Երևան-Ինթերնեյշընըլ Ռոտարի ակումբը» ստեղծվել է 2010 թ. սկզբին: Այն ունի 21 անդամ, որոնք հանդիսանում են բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ակումբի անդամ է մասնավորապես «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Ներկայումս մեր երկրում գործում են 4 «Ռոտարի» ակումբներ:
Ընդհանրապես առաջին «Ռոտարի ակումբն» աշխարհում ստեղծվել է 1905թ. փետրվարի 23-ին Չիկագոյում իրավաբան Պոլ Հարիսի կողմից: Պաշտոնապես «Ռոտարին» հանդիսանում է բիզնեսի առաջատարների և առաջատար պրոֆեսիոնալների համաշխարհային կազմակերպություն, որը «հետամուտ է հումանիտար օգնության ծրագրերի իրականացմանը, մասնագիտական բոլոր բնագավառներում էթիկայի բարձրարժեք կանոնների ներդրմանը, օգնում է բարի կամքի դրսևորմանը և ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»:
Այսօր միջազգային ռոտարական շարժման մաս են կազմում ավելի քան 1.2 միլիոն մարդիկ, որոնք ընդգրկված են 166 երկրներում գործող 33.000 ակումբներում:
Հայաստանի 4 «Ռոտարի» ակումբները հանդիսանում են 2450 Ռոտարական շրջանի մաս, որը միավորում է Վրաստանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կիպրոսի, Բահրեյնի, Հորդանանի, Լիբանանի, Սուդանի, Պաղեստինի ռոտարի ակումբները:
Լուսանկարները՝ «Ռոտարի» ակումբի ֆեյսբուքյան էջից