Լրահոս
Օրվա լրահոսը

Բազուկով, ֆետա պանրով եւ ռուկոլայով աղցան

Նոյեմբեր 29,2015 12:30

Վերջին շրջանում Հայաստանում էլ է սկսել մեծ տարածում գտնել շատ յուրահատուկ համով ռուկոլա կանաչին, որը ոչ միայն շատ համեղ է՝ իր ինքնատիպ տտիպությամբ, այլեւ չափազանց օգտակար: Միջերկրածովյան երկրների խոհանոցում ռուկոլան հաստատուն տեղ ունի, այն օգտագործվում է բազմաթիվ աղցանների մեջ: Ի դեպ, այդ կանաչին շատ հեշտ է աճեցնելը սերմերով, այն ամենեւին քմահաճ բույս չէ, շատ արագ բազմանում է, ցրտադիմացկուն է: Եթե ունեք հնարավորություն, անպայման փորձեք, եւ մշտապես, տարվա գրեթե բոլոր եղանակներին այդ օգտակար բույսը կզարդարի ձեր սեղանը: Ռուկոլան կարելի է ավելացնել գրեթե բոլոր այն աղցանների մեջ, որոնցում սալաթի տերեւներ են նախատեսված: Թեեւ կան մարդիկ, որոնք այնքան էլ չեն հավանում այս կանաչու համը, բայց նրանք էլ, իմանալով ռուկոլայի օգտակար հատկությունների մասին, դեմ չեն լինի փորձել այս աղցանը: Ի վերջո, եթե չգտնեք ռուկոլա, կարող եք այն փոխարինել հազարաթերթիկի տերեւներով, կամ պարզապես դրա փոխարեն առատորեն համեմ եւ մաղադանոս կտրատեք:

Անհրաժեշտ մթերքները

Կարմիր ճակնդեղ (բազուկ)- 0,5 կգ

Սխտոր- 3-4 պճեղ

Կարմիր թարմ պղպեղ- 7-8 հատիկ

Ֆետա տեսակի պանիր- 200 գրամ

Բալզամիկ քացախ- 3 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Արեւածաղկի սերմեր- 2 ճաշի գդալ

Սեւ եւ սպիտակ քունջութ- 3-ճաշի գդալ

Աղ եւ սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Ճակնդեղը լավ լվացեք: Առանց կեղեւահանելու՝ դրեք փայլաթիթեղի մեջ, կողքը դրեք սխտորի պճեղները՝ կրկին առանց մաքրելու, լավ փաթաթեք փայլաթիթեղով եւ գրեթե մեկ ժամով դրեք ջեռոցը: Եթե ճակնդեղները փոքր են, կես ժամն էլ բավարար է: Պատրաստ լինելը ստուգեք փայտե չոփիկը մեջը խրելով, եթե հանգիստ մտնում-դուրս է գալիս, կարող եք հանել ջեռոցից:

bazukov-axcan1

Ջեռոցից հանելուց հետո ազատվեք ճակնդեղի կեղեւից, ապա այն կտրատեք երկար-բարակ ձողիկների տեսքով: Սխտորը, որն արդեն չափազանց փափուկ կլինի՝ խյուսի նման, խառնեք բալզամիկ քացախի եւ ձիթայուղի հետ, լցրեք ճակնդեղի վրա: Ըստ ճաշակի աղ եւ սեւ պղպեղ արեք ու թողեք մի քանի ժամից մինչեւ երկու օր՝ մարինացվելու համար:

bazukov-salat2

Կարմիր պղպեղները խորովեք եւ մաքրեք կեղեւից ու կորիզներից, կտրատեք երկար-բարակ կտորներով: Մեծ աղցանամանի մեջ լցրեք լվացած եւ լավ չորացրած ռուկոլան, վրան լցրեք խորոված պղպեղի կտորները, ապա՝ բազուկը եւ արեւածաղկի սերմերը: Լավ խառնեք:

bazukov-salat3

bazukov-salat4

Թավայի մեջ լավ տաքացրեք քունջութը, բայց չթողնեք վառվի, մեկ-երկու րոպեն բավական է: Տաք քունջութի մեջ թաթախեք քառակուսի կտրատած ֆետա պանիրը: Աղցանի վրա շարեք քունջութապատ պանրի կտորները եւ մատուցեք:

bazulkov-axcan-glx

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30