Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ-ի ճամբարը յոթ երգ գիտի, յոթն էլ իշխանության մասին». Վահան Բաբայան

Նոյեմբեր 28,2015 23:11

ԲՀԿ-ն այո-ի քարոզարշավը վերջին օրերին իրականացրել է Տավուշում ու Շենգավիթ վարչական շրջանում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք՝ իրեն գոհացնո՞ւմ է քարոզարշավի ընթացքը՝ բովանդակային առումով՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները դժգոհում են թե այո-ի թե  ոչ-ի քարոզողներից՝ ասելով, թե իսկական շոու են սարքում:

«Համամիտ չեմ, գուցե ոչ-ի ճամբարում չկա բովանդակային բանավեճ, որովհետեւ ոչ-ի ճամբարը յոթ երգ գիտի, յոթ  երգն էլ իշխանության մասին: Ոչ-ի ճամբարը հանրաքվեն շփոթում է նախագահական ընտրությունների հետ , իսկ այո-ի ճամբարում տիրում  են ավելի  քաղաքակիրթ ու բարեկիրթ մեթոդներ, որոնց միջոցով փորձում ենք բացատրել ու պարզաբանել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են այդ փոփոխություններին: Բանավեճը կայանում է, բայց ոչ-ի կողմնակիցների մեծ մասը բովանդակային ու իրավական առումով շատ ավելի թույլ մեջբերումներ են անում ու իրենց ասելիքի մեջ սնանկ են»,- ասաց Վահան Բաբայանը:

Այս օրերին ՀՀԿ-ականները այո-ի կողմնակից մարդկանց են «որսում»: Նրանք քաղաքացիների անուն, ազգանուն ու անձնագրային տվյալներ են հավաքագրում: Պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք` որպես այո-ի կողմնակից քաղաքական ուժ ԲՀԿ-ն ներգրավվա՞ծ է այդ գործընթացում:

«Շատ չափազանցված տեղեկություններ կան, այս պահին որեւէ նման փաստ չենք արձանագրել, մենք նման բաների չենք հանդիպել: Բնական է, որ մարդիկ հանդիպումներ են ունենում, քննարկում այո-ի անցկացման հարցեր,  նույնիսկ խորհրդարանում ամենաբարձր մակարդակով այդ հարցը բարձրացվեց, վարչապետը խոստացավ, որ կպատժի բոլոր այն մարդկանց, որոնք կչարաշահեն իրենց դիրքն ու նման բաներ կանեն»,- պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ն պայքարելո՞ւ է ընտրակաշառքի դեմ, պարոն Բաբայանն ասաց. «ԲՀԿ-ն պայքարելու է ազատ ու արդար ընտրությունների համար: Ամեն ինչ անում ենք մեր աշխատանքով եւ ամեն ինչ  կանենք նաեւ դեկտեմբերի վեցին՝ հանրաքվեի օրը»:

Նա նաեւ պատմեց, որ մարզային այցելությունները դահլիճային պայմաններում են, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ակտիվ մասնակցում է ռեալիթի շոուին ու ներկայացնում տարբեր փաստարկներ, թե ինչու քաղաքացիները պետք է այո քվեարկեն. «Ընդհանուր առմամբ, բավականին ակտիվ է ընթանում, եթե սկզբում կային տարբեր հարցադրումներ, որոնք անհասկանալի էին մեր հասարակությանը, հիմա փոխվել է վիճակը: Մեր քաղաքացիների դիրքորոշումը ավելի դրական է դառնում դեպի փոփոխությունները, սկսել են ընկալել, թե ինչու են այդ փոփոխությունները կատարվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30