Հյուրանոցը հառնում է Լոռու լեռների դեմ-հանդիման
Նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում հանդիսավորությամբ գործարկվեց «Գայանե» հյուրանոցային համալիրը: Համալիրի առաջ ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Հանդիսությանը ներկա էր Ալավերդու տարածաշրջանի ակտիվը, հյուրեր:
Հյուրանոցային համալիրը օրհնեց Հաղպատավանքի քահանա Տեր Ղազար քահանա Թորոսյանը: Նա նշեց, որ բոլոր լավ գործերն Աստծու կամոք են իրականանում: Հանդիսավոր միջոցառման ժամանակ շեշտվեց Խուդինյան ընտանիքի մեծ ներդրումը, որ կարողացել են փոքր հյուրատնից սկսելով՝ հյուրանոցային համալիր գործարկել: Ներկաների մեջ քիչ չէին մշակութային գործիչները: Գրող, «Հովհանես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» ՀԿ նախագահ Վանուշ Շերմազանյանը, գրող Վալերի Պարանյանը եւ այլոք իրենց ելույթներում նշեցին Լոռու բնաշխարհում նման գեղեցիկ հյուրանոցային համալիրի գործարկման նշանակությունը:
Համալիրի բացումը կատարեցին Խուդինյան ընտանիքի ներկայացուցիչները՝ Գայանե եւ Սոնա Խուդինյանները : Հյուրանոցային համալիրը հառնում է Հաղպատի գեղատեսիլ բնության մեջ, Լոռու լեռներին դեմ-հանդիման: Հյուրանոցի առջեւ գեղատեսիլ այգի է, համալիրում ստեղծված են հանգստի համար անհրաժեշտ պայմանները:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում կարեւորեց հանրապետության մարզերում նման հյուրանոցների գործարկումը: Նրա խոսքերով՝ դա լավ օրինակ է, որ պրոֆեսիոնալ մասնավոր հատվածը արձագանքում է ոլորտում ձեւավորված բարենպաստ ներդրումային գործարար միջավայրին: Մ. Ապրեսյանը «Գայանե» հյուրանոցային համալիրի մրցակցային առավելությունները համարեց տեղի բնակչության բարյացակամությունը, Հաղպատի հրաշալի բնությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը:
Միջոցառման ավարտին մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ