Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների «Ապագա» խորագրով երկրորդ համաժողովի մասնակիցներս, ընդգծելով համաժողովի կարևորությունը և կառուցողական բնույթը, արձանագրում ենք, որ՝
- Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունները կարևոր դերակատարություն ունեն հայապահպանության, հայ ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների պահպանման, կրթամշակութային և մտավոր ներուժի վերարտադրման գործում և այսուհետև էլ կշարունակեն իրենց աշխատանքները այս ուղղություններով:
- Հայկական համայնքային երիտասարդական կազմակերպությունների գործոնեությանը և նրանց ներուժի համախմբման գործընթացին մշտապես պետք է սատար կանգնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, համահայկական և համայնքային կառույցները այսուհետև ևս պետք է շարունակեն իրենց աջակցությունը երիտասարդներին՝ ներկա մարտահրավերներին դիմակայելու համար:
- Տարբեր ոլորտներում աշխատող հայազգի ակտիվ երիտասարդների ներուժի համախմբումը և ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և կրթամշակութային խնդիրների լուծման գործընթացում դարձել է օրակարգային խնդիր, և մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ:
- Ներկա պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում երիտասարդական կազմակերպությունների գործուն աջակցությունը և մասնակցությունը համազգային խնդիրների լուծմանը.
- Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծմանը,
- Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման պայքարին,
- Հայոց պետականության ամրապնդմանը,
- Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվի իմացությանը և օգտագործմանը, հայկական պատմամշակութային արժեքների և ավանդույթների պահպանմանը,
- երիտասարդների համագործակցության արդյունքում բազմապիսի ծրագրերի իրականացմանը (զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ, բիզնես, տեղեկատվալան տեխնոլոգիաներ և այլն):
- Համաժողովի մասնակիցներս կարևորում ենք գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերին և ձեռնարկներին։
- Համաժողովի մասնակիցները նշում են, որ նման համաժողովները մեծ խթան են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի, հայկական երիտասարդական կազմակերպությունների գործակցության ամրապնդման, սփյուռքյան երիտասարդական կազմակերպությունների գործունեության աշխուժացման համար։
- Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը երկու տարին մեկ կամակերպելու նման համահայկական երիտասարդական համաժողովներ:
Հայտարարությունն ընդունվել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովի մասնակիցների կողմից:
28 նոյեմբերի 2015թ., ք Երևան
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն