Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Դրա համար էլ մարդկանց մտքին գալիս է հեղափոխություն, ինչ որ շոուներ»

Նոյեմբեր 28,2015 18:11

ՀՀԿ պատգամավորը կարծում է որ «Ոչ» ասելով որեւէ բան այս երկրում չի կործանվելու

Սահմանադրության փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» ասելը հասարակական բուռն քննարկումների կենտրոնում են: Այսօր «Դեբատ» բանավեճի ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսպես արտահայտվեց. «Բնական է, որ այս քարոզարշավը պետք է տարբերվեր մյուս համապետական ընտրությունների քարոզարշավից, որովհետեւ այնտեղ կան որոշ քաղաքական ուժեր, կոնկրետ քաղաքական գործիչներ, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ՝ կոնկրետ թեկնածուներ: Առաջին անգամ հավասար պայմաններ ստեղծեցինք «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատի համար: Կարծես թե մոնիթորինգը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց անվճար քարոզարշավից օգտվում են եւ ներկայացնում են իրենց տեսակետը»:

Պարոն Սահակյանի կարծիքով՝ հիմնական խնդիրը առաջանում է հետընտրական պրոցեսների ժամանակ, դա, ըստ նրա, կարծես թե աքսիոմա է դարձել:  Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին, որ այն էնտուզիազմով, որով գնում են առաջ՝ քարոզում են «Այո»-ն կամ «Ոչ»-ը, նույն ճշտությամբ, խնամքով վերաբերվեն նաեւ հետընտրական պրոցեսներին, քանի որ դա շատ կարեւոր է բոլորի համար:

Նա իր խոսքոում հորդորեց բոլորին՝ դեկտեմբերի 6-ը չդիտարկել որպես կենաց-մահու պայքար: «Դեկտեմբերի 6-ը հերթական մի համապետական միջոցառում է, որտեղ որոշողը ժողովուրդն է. եթե ասեն «Այո»՝ շատ ավելի լավ, եթե ասեն «Ոչ», ապա որեւէ բան այս երկրում չի կործանվելու: Մենք գտնում ենք, որ «Այո»-ի դեպքում ավելի արագ եւ շատ ավելի կազմակերպված կգնանք համակարգային փոփոխությունների, մի շարք խնդիրներ արագ իրենց լուծումները կգտնեն»,-ասաց պարոն Սահակյանը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ իր խոսքում «Այո»-«Ոչ»-ը անվանեց բացարձակ նիհիլիզմ, քանի որ, ըստ նրա, այստեղ մոտիվացիայի պակաս է, եւ մարդիկ չեն հասկանում թե ի՞նչ է բերելու այս նոր սահմանադրությունը, կամ էլ արդյո՞ք մեր ունեցած իրավիճակը Սահմանադրության պատճառով է. «Սա լուրջ խնդիր է, որը ինձ համար էլ հասկանալի չէ՝ այս խնդիրը չի հասցվել հասարակական լայն զանգվածներին, որպեսզի մարդիկ մտածեն՝ իրենց «Այո՞» է պետք, թե՞ «Ոչ»:

Քաղաքագետը, զուգահեռներ տանելով օրերս ԱԱԾ-ի վնասազերծած հանցախմբի կողմից նախատեսվող գործողությունների եւ այսօրվա հասարակության մեջ արտահայտվող կարծիքների հետ՝ ասաց, որ մեկ խնդիր կա այսօր՝ մեծ-մեծ կասկած իշխանության հանդեպ. «Եթե իշխանությունը մի բան է ասում, ապա մարդիկ սկսում են մտածում՝ սրա տակ ի՞նչ կա»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ժողովրդի վարքը բնորոշեց իսպառ հավատի կորուստ, քանի որ, ըստ նրա, խոսքով, գործով, կամ ինչ որ բանով Հայաստանում անհնար է բան փոխել.  «Դրա համար էլ մարդկանց մտքին գալիս է հեղափոխություն, ինչ որ շոուներ՝ նկատի ունենալով հանցավոր խմբի հայտնաբերումը»: Նրա կարծիքով մարդիկ փողոց են դուրս գալիս, ընդդիմանում այն պատճառով, որ վստահ են՝ ընտրությունները կեղծվում են, հանրաքվեն արդեն կեղծված-գրված է՝ դրա շուրջ ի՞նչ խոսեն:

«Աշխարհը գնում է իշխանությունների կենտրոնացման, մենք գնում ենք ապակենտրոնացման, այն էլ՝ լինելով նման բարդ ռեգիոնում»,- նշեց պարոն Կարապետյանը:

Սահմանադրության հետ կապված դատողություններ արեց նաեւ սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը եւ հայտնեց, որ անկախության հանրաքվեից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, մենք՝ որպես հասարակություն, չունենք մեր հստակ տեսլականը, պատկերացումները, թե ինչպիսի պետություն ենք ուզում եւ ինչպիսի հասարակություն ենք ուզում կառուցել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30