Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում հայ ընթերցողին է ներկայացվում ամերիկահայ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» (“Orhan’s Inheritance”) վեպը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
«Օրհանի ժառանգությունը» վեպի թեման Հայոց ցեղասպանությունն է: Այն մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին է:
Հեղինակն այս գիրքը գրել է վեց տարում: Նա այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա քաղաքը, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:
«Այս վեպը ես համարում եմ ֆրանցվերֆելյան ավանդույթների շարունակություն: Դա նշանակում է անդրադառնալ պատմական ողբերգությանը՝ փորձելով վերջինիս պատճառահետևանքային բոլոր կապերը գտնել մարդկային հոգու, մարդկային հոգեբանության և գիտակցության խորքերում: Ինչպե՞ս է լինում պատմության մեջ, որ մարդկային մի համայնք (անկախ ազգությունից) վեր է կենում և բնաջնջում է մարդկային մեկ այլ համայնքի: Եթե մենք կարծում ենք, որ սա միայն էթնիկական և էթնոսի շեշտադրումներ պահանջող լուծում է, սխալվում ենք. սա շատ ավելի խորը հիմքեր ունի»,- ասաց գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
Կարդացեք նաև
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն, որն արտացոլում է Եղեռնի թեման, գրականագետին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե թեմայի արծարծման կամ մանրամասների, սյուժեի, կերպարների տեսանկյունից, այլ թե ինչ մոտեցում ունի տվյալ գրողը մեծ աղետին. «Այս թեմայով արդեն իսկ համաշխարհային ճանաչում ունեցող վեպերը հենց դրանով են առանձնանում: Այսօր Ֆրանց Վերֆելի վեպը մենք համարում ենք գեղարվեստական մեծ հուշարձան ոչ թե այն պատճառով, որ նա անդրադարձել է Եղեռնի թեմային, այլ թե ինչպես է անդրադարձել և գաղափարական ինչ հարցադրումներ է արել»,- ասաց գրականագետը:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ մեր գրականության մեջ եղած անդրադարձները Եղեռնին ինքնակեղեքման, ինքնախարազանման «արվեստին» են տարել. «Այսինքն՝ ավելի հաճախ հիշել ցավն ու ավելի հաճախ կեղեքվել, հնարավորինս շատ ցույց տալ մեզ ջարդելը, կոտորելը, ավելի ցավագին մանրամասներ երևան բերել ու գեղարվեստականացնել… Բարեբախտաբար, վերջին շրջանում մի փոքր փոխվել է մոտեցումը Եղեռնի թեմային: Հիմա ավելի շատ փորձում են ինչ-որ երկխոսություններ «ստանալ» հայ և թուրք ժողովուրդների միջև կամ փորձում են գտնել «մեղքի» մեր բաժինը, պայքարելու մեր քաղաքականությունը և այլն: Տարբեր առիթներով ես ինքս էլ ասել եմ, որ հարյուր տարին թուրք ժողովուրդն օգտագործեց մաքրագործվելու համար, որովհետև վայրենի էր, ու հարյուր տարի փորձեց ապացուցել ամբողջ աշխարհին (և որոշ չափով էլ հասավ իր նպատակին), որ ինքը վայրենի չէր և չէր կարող 1915-ի կոտորածն ինքը կազմակերպել: Այսինքն՝ դրանից դաս քաղելով՝ թուրք ժողովուրդը ահագին քաղաքակրթվեց: Մենք էլ մեզ պետք է հարցնենք՝ իսկ ի՞նչ ենք արել մենք հարյուր տարվա ընթացքում, որքանո՞վ ենք կարողացել այդ ինքնախարազանումից վեր բարձրանալ, ավելի սթափ նայել անցյալին, ավելի գնահատող լինել… Երբ զուգահեռ ենք տանում մեր և համաշխարհային գրականության մեջ ստեղծված գործերի միջև, տեսնում ենք, որ «դրսում» (հատկապես օտարագիր հայ գրողները) այդ թեմային շատ ավելի սթափ են նայում: Գուցե այլ երկրում ապրելու «առավելությո՞ւնն» է, որ նրանց տալիս է այդ հնարավորությունը, իսկ մեզ՝ ոչ: Որովհետև մենք «ներսում» ենք ապրում և ունենք Ցեղասպանությունը չհաղթահարածի բարդույթ, որին գումարվում են նաև մեր ներքին քաղաքական, հասարակական կյանքի որոշ պատճառներ, հանգամանքներ ու թույլ չեն տալիս այդ բարդույթները հաղթահարել»,- ասաց Ա. Նիկողոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ