Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է փրկելու մեր անտառները

Նոյեմբեր 28,2015 10:00

«Բա ինչո՞ւ Լիսկային չեն զինաթափել»` սա, կարծես թե, գլխավոր «հակափաստարկն» է օրերս Նորք-Մարաշի առանձնատներից մեկում իրավապահների կատարած գործողության վերաբերյալ: Եթե, իհարկե, մարդիկ ընդունում են պաշտոնական վարկածն այն մասին, որ այդ տանը զենք-զինամթերք է եղել: Կա, ինչպես հայտնի է, մեկ այլ տեսակետ, համաձայն որի՝ այդ տանը ոչ մի զենք չի եղել, իրավապահներն են ամբողջ զենքն այնտեղ տարել-դրել եւ հետո հարձակում են «բեմադրել»: Բայց, կրկնեմ, այն մարդիկ, որոնք վստահ են, որ Արթուր Վարդանյանի խումբը զենք, այնուամենայնիվ, ունեցել է, ասում են, որ այդ խմբից զենքը չպիտի առգրավվեր այն պատճառով, որ Սուրիկ Խաչատրյանի եւ իշխանությանը մոտ կանգնած այլ կասկածելի տարրերի տները չեն խուզարկվում:

Իհարկե, շատ վատ է, որ նման անձնավորությունների, նրանց մտերիմների ու «ախրաննիկների» ձեռքին անօրինական զենք կա: Բայց բերել դա որպես հիմնավորում` այլ տեղերից անօրինական զենք չառգրավելու համար, ինձ թվում է` տրամաբանական չէ: Եթե ես գիտեմ, որ աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում մարդիկ հարստանում են հանցավոր ճանապարհով, դա դեռ արդարացում չէ, որ ես, ասենք, խանութների վրա ավազակային հարձակումներ գործեմ: Մի հանցագործությունը մեկ այլ հանցագործության արդարացում չի կարող լինել:

Ուրիշ հարց, որ իշխանության չափից դուրս բարեհաճ վերաբերմունքը «լիսկայատիպ» անձնավորությունների նկատմամբ մարդկանց արդարացի վրդովմունքն է առաջացնում: Եվ վերջին քայլը` բազմաթիվ քրեական պատմություններում որպես գլխավոր հերոս հանդես եկած Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանին «Հայանտառի» տնօրենի օգնական նշանակելը, անշուշտ, այդ շարքից է:

Չեմ կարծում, որ, ըստ լրատվամիջոցների, դպրոցական տարիքից ծեծուջարդեր կազմակերպող եւ, համենայնդեպս, մի փորձաքննության արդյունքում արյան մեջ թմրանյութ ունեցող, ինչպես նաեւ երկու անգամ ծանր հանցագործությունների մեջ կասկածանքներով ձերբակալված այդ երիտասարդը որեւէ ձեւով կարող է օգտակար լինել մեր անտառներին: Երեւի մեր անտառների փրկության գործը կարելի է ավելի հուսալի ձեռքերի վստահել: Բայց եթե նա նույնիսկ հանճարեղ անտառագետ է, ապա գոյություն ունի պետական որոշակի էթիկա, որի համաձայն՝ ուսերին նման «բեռ» շալակած անձնավորությունը չպիտի որեւէ պետական պաշտոն զբաղեցնի:

Եվ ի վերջո՝ սա այն դեպքն է, երբ պետք է հաշվի նստել հասարակական կարծիքի հետ: Հենց նման բացթողումների պատճառով է, որ մարդիկ չեն հավատում իշխանությունների կատարած նույնիսկ լավ գործերին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Աբո says:

    Մոտենում է երիտասարդի զինվորական ծառայության ժամկետը, նա չի կարող դոկտորական պաշտպանել, միգուցե մի նոր հնարք են մտածել տղային « օրինական» ճանապարհով ազատելու բանակից:)))

  2. Հ.Շ. says:

    ըստ – մամլոյ ընդմէջէն – այս տղուն նկարագրութեան,
    թերեւս ճիշտ իր տեղն է՝ անտառը…

    կամ ել, «Ջունկլիի Օրէնքի» նորագոյն կիրարկում է այս կացութիւնը…
    ըստ երեւոյթին, այդ է այսօրուայ Հայաստանի իսկական Սահմանադրութիւնը…

    այդ ամէնը մէյ մը որ ըսինք (եւ յուսամ՝ խնդացինք, կամ գոնէ ժպտեցանք)
    հասկնալի չէ որ այսպիսի բացասական դէպքերի պատճառով, բռնենք այն անայլայլ դիրքորոշումը թէ՝ որեւէ պարագայի եւ որեւէ առիթով, որեւէ դրական երեւոյթ, ոեւէ լաւ մարդ/կին, որեւէ լաւ գործ, բնաւ ու երբեք գոյութիւն չունին, չեն ունեցել եւ չեն կրնար երբեւիցէ գոյութիւն ունենալ, իշխանութեան մէջ, մօտ կամ շուրջ

    վերեւ մատնանշուած կացութիւնը, գոնէ կամ նոյնիսկ որպէս երեւոյթ միայն՝ սխալ է. պաշտպանելի չէ. հանրային պաշտօն վարող անձ մը պէտք է որ ի հարկին «զոհէ» իր հայրական/ընտանեկան զգացումները, երբ որ այդ հարկաւոր է՝ առաջքը առնելու համար կողմնակցութեան, անարդարութեան կամ անձնական հաշիւների գերակայութեան, ոչ թէ ըստ իրողութեան, այլ նոյնիսկ որպէս երեւո՛յթ իսկ միայն. անկախաբար խորքի նկատողութիւններից. այս ըմբռնողութեամբ է որ ան արժանի կը դառնայ իր բարձրաստիճան պաշտօնին, իր հեղինակութեան. իսկական յարգանք կը վայելէ, եւ ոչ թէ միայն իրմէ օգտվողների դատարկ գովասանքն ու անիմաստ ծափահարութիւնները.

    սակայն, քանի որ այսպիսի սխալներ կը կատարուին, ուրեմն՝ իշխանութեան վերաբերող ամէն բան, ամէն գործ, ամէն անձ, միշտ ու միայն սխալ, սխալական եւ վա՞տ են

    կարելի չէ՞ արդեօք մտածել որ իշխանութեան մէջ իսկ կան բազմաթիւ անձիք, որոնք իրապէս պիտի նախընտրէին որ խնդրոյ առարկայ անտառային վայրի նշանակումը տեղի չունենար… ինչպէս նաեւ շատ մը նոյնանման գայթակղութիւններ…

    չե՞նք կրնար աշխատիլ, առաջանալ, այս մօտեցումով

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    • Հ.Շ. says:

      ( ի դէպ, այստեղ, առաւօտեան ժամը 4-ի մօտ է… եւ զբաղուած եմ Հայաստանի/Արցախի լուրերը առնելով, ինչպէս նաեւ շատ մը այլ Սփիւռքահայեր.)

  3. Արսեն says:

    Ւսկ դուք ինչպես և որտեղից իմացաք, որ զենք ունենալը, զինված խմբեր կազմակերպելը, մարդ սպանելը և գողություն անելը՝ հանցագործություններ են և պետք պատժվեն?
    Չկա՝ ի վերուստ տված «հանցագործության» որևէ սահմանում, ինչպես նաև ինչպես նաև ինչ-որ գործողություններ (կամայական), որոնք ինքնաբերաբար հանդիսանում են «հանցագործություն»։
    Հանցագործություն են այն արարքները՝ որոնք հասարակական պայմանագրի (գործող օրենքներ) հիման վրա՝ համարվում են հանցագործություն։ Հետևաբար, եթե չկա հասրակական պայմանագիրը՝ որևէ գործողություն որակել «հանցագործություն»՝ սովորական հիմնազուրկ տուֆտալոգիա է։
    Չձերբակալելով Լիսկայանոցը՝ «պետությունը» առ ոչինչ է հայտարարել՝ հասարակական պայմանագիրը, որը մեզ ՒՐԱՎՈՒՆՔ է տալիս սահմանել՝ ինչն է հանցագործություն, միջոցներ ձեռք առնել՝ դրանք կանխելու, ինչպես նաև՝ պատժելու, հանցագործություն համարվող արարքները կատարած մարդկանց։
    Ւնչ հիման վրա ես ինչ-որ մեկին անվանում հանցագործ? Այ ջունգլիի բնակիչ, օրենք ունես, որ «հանցագործ» որոշես?
    Զարմանալի է նաև, որ Քոչարյանին ներած մարդը Խաչատրյան Տիգրանին չի «ներում»..))).. Զվարճացրեց նաև «պետական էթիկա»ի (Հայաստանում..))))..) մասին բարբաջանքը…)))).. Շմայսը քեզ բռնաբարի՝ հետո գլխատի, կամ գլխատի՝ հետո բռնաբարի..))).. Խելքդ լրիվ ես քցել?..))))…

  4. աստղիկ says:

    Իսկ գուցե Առավոտի խմբագիր Արամն այս նյութը կարդալուց առաջ բացեր այդ նույն ՙՀայոց վահան՚-ի ֆեյսբուքյան էջն ու գոնե ուշացմամբ տեսներ այնտեղ շուտվանից դրված Արթուրի ու նրա թիկունքում դիմակավոր խմբի տեսանյութը, թե ըստ Արամի դա էլ էին շուտվանից դրել ու բեմականացրել իրավապահները,

  5. Գեւորգ says:

    Սա այն դեպքն է երբ ստախոսի տունը կրակ է ընկնում, այսինքն ճիշտն ու սխալը խառնվում են իրար! Հիմա ողբում են, թե էս ինչ անպետք ժողովուրդ է, մեզ չի հավատում! Տարօրինակ գործ է ստացվում իսկապես – դու պաշտպանում ու փրկում ես, իսկ քեզ ծաղրում ու նսեմացնում են! Ըսենց շշմելու բաներ երեւի միայն մեզ մոտ կարող են լինել: Այս պարագայում ամենաբնականն այն կլինի, որ թողնեք ու տուն գնաք, ինչու՜ վտանգեք ձեր առողջությունը նման անշնորհակալ ժողովրդի համար – հո դեմ չե՜ք, հարգելի Արամ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30