Լրահոս
Օրվա լրահոսը

Հայելիները ուղղելու ժամանակը

Նոյեմբեր 28,2015 15:30
merujan Ter-Gulanyan

Թե չէ՝ կյանք-պատմության հարահոսում Թուրքիա մեր հարեւանի հետ մենք միշտ առնչվել ենք ծուռ կամ միտումնավոր ծռված հայելիների միջոցով, այսինքն թե` մեծ տերությունների դիվանագետների միջոցով:

Նրանց աչքերը եւ հոգին մեր ազգային ողբերգության հանդեպ նույն փայլը ունեին եւ ունեն, ինչպես ապակի գցողների աչքերը` սառը եւ անտարբեր, որ արտացոլում էին սոսկ ապակու անպատկեր դատարկությունը:

Մենք հավատում էինք, ոգեւորվում, հույս էինք դնում, որ ահա-ահա աշխարհի որեւէ հզոր կլուծի մեր հարցը, այնինչ հզորները առաջին հերթին իրենց հարցերն էին լուծում` մեր խնդրի միջոցով եւ մեր հաշվին:

Հիմա էլ է այդպես:

Այդպես է ոչ միայն մեր երկրից դուրս, այդպես է նաեւ մեր երկրի ներսում, երբ կուսակցությունները թվում է, թե ժողովրդի համար են խոսում, բայց իրականում խոսում են իրար դեմ` հռետորորեն ոգեշնչված, խելոք, ինչի փայլի տակ թաքցնում են հղկված ատելությունն իրար հանդեպ եւ ձգտումը իշխանության…

Այնինչ միայն այն մարդն է կամ ազգն է զգում իրական-կենդանի աշխարհի էությունը, ով մեծ ողբերգություն է ապրել, իսկ մենք այդ ողբերգությունը ապրել ենք, աշխարհի կողմից դեռեւս մի տեսակ կիսաընդունված, չհաստատված ողբերգություն, եւ թերեւս պետք է ենթադրել, որ մենք իմաստնացել ենք, որ մենք արդեն մեր ողբերգության մենության մեջ ճանաչել ենք ոչ միայն ուրիշներին, այլեւ առաջինը՝ մեզ…

Եվ հիմա, կարելի է ասել, պատերազմի մեջ է մտնում Թուրքիան՝ ո՞ւմ դեմ՝ չգիտեմ: Թերեւս Թուրքիան գիտի:

Ու քանի որ ես հորս եւ մորս կողմից Էրզրումից գաղթական եմ, այսինքն թե` պատերազմի մեջ է մտնում նաեւ իմ հայրենիքի մի մասը: Թերեւս պատերազմ է սկսվում ընդդեմ եւ հանուն Հայոց հարցի՝ Լիբանանում, Սիրիայում եւ այսօր Թուրքիայում, որոնց իշխանավորներին ոչ իմ պապը, ոչ էլ ես եմ ընտրել:

Բայց օրեր առաջ, երբ ես տեսա Վանա ծովը, Մհերի Դուռը, հասկացա շատ կարեւոր մի բան, որ մեզ մեր արքայաընծա հողն էր պահել եւ պահում է: Ես մտածում էի մեր հզոր թագավորների մասին ու չէի կարողանում գտնել նրանց գերեզմանները, ինչպես չէի գտնում Նարեկացու գերեզմանը…

Եվ ինձ համար այսօր թուրքապատերազմը անհասկանալի է. կռվում են, որ ոչնչացնեն վերջին գերեզմաննե՞րը հայոց, թե՞ կռվելով նորոգում են Հայոց հարցը:
Մեր եւ աշխարհի հզորների համար ժամանակն է, որ հասկանանք, թե որն է ուղիղ հայելին, քանզի ուղիղ հայելու մյուս կողմում իրենք են՝ աշխարհի հզորները:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30