Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին «սիրաշահելու» պահը

Նոյեմբեր 28,2015 14:30

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
թեման աշխուժացավ ռուս-թուրքական լարվածության ֆոնին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն օրերս ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագիրը, որի արտաքին քաղաքականության մասում անդրադարձ կա նաեւ Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի առաջիկա արտաքին քաղաքականությանը:

«Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի կոնֆլիկտների կարգավորմանը, ինչը, մասնավորապես, վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը։ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների օկուպացմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա լարվածությանը վերջ դնելուն»,- նշել է Թուրքիայի վարչապետը` հավելելով. «Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ հարաբերությունների եւ համագործակցության կայացմանը միտված բազմակողմանի քայլեր կատարելու պատրաստակամություն, «Արդար հիշողություն» հասկացությանը չհակասող դիրքորոշում եւ հեռատեսություն մեր նախաձեռնություններին արձագանքելու հարցում։ Կարծում ենք, որ հնարավոր է Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության հաստատումը»։

Թե ինչ է նշանակում` «Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը», իհարկե, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ պաշտոնական Անկարան առաջ է շարժվել մեկ ուղղությամբ. Թուրքիայի իշխանությունները Հայաստան-Թուրքիա արձանագրությունները փակել են դարակում եւ ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծումը դարձրել այդ արձանագրությունների կյանքի կոչման պայման՝ ըստ էության, փակուղի մտցնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թե ինչ է ենթադրում Անկարայի կողմից «շարունակելու է» արտահայտությունը, այս առումով տրամաբանական չէ:
Ակնկալել, թե պաշտոնական Անկարան հանկարծակի, կտրուկ փոխել է դիրքորոշումը եւ առանց ԼՂ խնդրի կարգավորումը շահարկելու այսուհետ լծվելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ նույնպես միամտություն է:

Բայց ուշագրավ է այն պահը, որ Անկարան ընտրել է հայ-թուրքական կարգավորման թեման՝ թեժացնելու առումով: Այսօր լարված են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, եւ չի կարելի բացառել, որ պաշտոնական Անկարայի կողմից իսկապես տարբեր խողովակներով ՀՀ իշխանություններին «մեսիջներ» հղվեն: Իհարկե, այլ հարց է, թե որքան դրանք կարող են անկեղծ լինել Թուրքիայի իշխանությունների կողմից:

Բացի այդ, տարբեր փորձագետների կողմից հնչել են կանխատեսումներ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող է մեղմացնել դիրքորոշումը Ցեղասպանության 100-ամյակից եւ Թուրքիայում կայացած ընտրություններից հետո:

Այսպիսով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան Հայաստանին որոշակիորեն «սիրաշահելու», «մեսիջներ» հղելու քաղաքականություն են փորձում վարել, սակայն պարզ է, որ երկուսն էլ առաջնորդվում են, ինչպես ասում են` «ստեղված իրավիճակից» բխող իրողություններով:
Հայաստանը միշտ էլ կողմ է եղել Ցեղասպանության ժխտման համար պատժին՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախօրեին Ռուսաստանի Պետդումա մտած համապատասխան օրինագիծը: Ռուսաստանի խորհրդարանականները կընդունեն այն, թե ոչ՝ իրենց գործն է, հավելել է Շ. Քոչարյանը:

«Հայաստանը միշտ էլ կողմ է եղել, որ այս հանցագործության ժխտման համար քրեական պատիժ սահմանվի: Դրա համար էլ սպասենք, տեսնենք, թե ինչ գործընթացներ կլինեն»,- նշել է նա: Հարցին, թե Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների սրացումը, Շ. Քոչարյանը նշել է. «Հարցը մի կողմից՝ մեր դաշնակցին է վերաբերում, մյուս կողմից էլ՝ մեր անմիջական հարեւանին: Հետեւաբար մենք պետք է ուշադիր հետեւենք իրադարձությունների բոլոր հնարավոր զարգացումներին»:

Թուրքիայի «աշխուժացումը» ԼՂ խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում հասկանալի է նաեւ Սարգսյան-Ալիեւ առաջիկայում նախապատրաստվող հանդիպման ֆոնին: Թեեւ այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հստակ ժամկետներն ու անցկացման վայրն առայժմ հայտնի չեն, բայց պաշտոնական Երեւանն արդեն իսկ անդրադարձել է այդ թեմային` արձանագրելով, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Կառավարության նիստի ավարտին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է հետեւյալը. «Այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ հստակ հայտնի կլինի, որ այդ հանդիպումը կայանալու է: Ամեն դեպքում ես մեկ անգամ չեմ ասել եւ կարող եմ ասել: Ակնկալիքներ կարող են հայտնվել այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը վերջ կդնի ամեն ինչ կամ ոչինչ մոտեցմանը եւ ուժի միջոցով իր համար ընդունելի լուծում ստանալու փորձերին: Դեռեւս նման ձգտում չկա, չկան եւ մեծ ակնկալիքներ: Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ նման հանդիպումներն անհրաժեշտ չեն: Անգամ պատերազմող կողմերի միջեւ հանդիպումներ եւ բանակցություններ են լինում»: Սարգսյան-Ալիեւ ֆորմատով հանդիպման ժամկետների ու վայրի առնչությամբ Քոչարյանը նշել է, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ:

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին Բաքու մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Դեռ այցից առաջ ենթադրվում էր, որ այդ այցի ուշադրության կենտրոնում կլինի ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, եւ մասնավորապես, Չավուշօղլուն կարող է Բաքվին խնդրել որդեգրել ավելի հստակ դիրքորոշում եւ աջակցել լարվածության թուլացմանը։ Ադրբեջանի իշխանությունները արդեն իսկ հայտնել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը մեղմելուն ուղղված ջանքերի պատրաստակամության մասին: Չի կարելի բացառել, որ պաշտոնական Անկարան Ալիեւի հետ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի թեման է քննարկել` տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում:

Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին բուռն գործընթացներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը կարող է լուրջ հնարավորություն դառնալ Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականության դրսեւորման առումով: Թե որքանով են Հայաստանի դիվանագիտության պատասխանատուները նման բարդ իրավիճակներում հնարավորություններից օգտվելու մասին լրջորեն մտածում ու գործում, իհարկե՝ արդեն քննարկման այլ թեմա է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մի բան յստակ է՝ այն պահից ի վեր երբ Ռուսաստանը բացայայտօրէն միջամտեց Սուրիոյ մէջ, վերջ գտաւ ռուս-թրքական մտահոգիչ սիրաբանութիւն մը, որուն բոլորս ականատես կ’ըլլայինք անցեալ մի քանի տարիներին

    հիմա, մեզի կը մնայ առաւելագոյնս օգտվիլ այս կացութիւնից. տակաւին ոչ Արեւմտեան Հայաստանի առընչութեամբ – ատիկա տակաւին հեռաւոր ձգտում մըն է -, այլ, նախ եւ առաջ՝ Արցախի Հիմնախնդրով, եւ նաեւ, այո, Ցեղասպանութեան հարցով

    գիտակցինք սակայն որ «պատուհանը» հաւանաբար ժամանակաւոր է…

    իսկ ծանօթ է որ, զոյգերու միչեւ վէճէ մը ետք, երբբեմն սէրը կը վերադառնայ աւելի ուժով

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30