Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները չեն կիսում բժիշկ Ֆեդյայի «մեկնաբանությունները»

Նոյեմբեր 28,2015 14:00

Հղիների անեմիային եւ հեմոգլոբուլինի մակարդակին, անեմիայի սահմանմանը, առաջացմանն ու բուժմանը, հղիների սննդակարգին, ինչպես նաեւ «Առավոտի» 2015թ. նոյեմբերի 25-ի համարում բժիշկ Ֆեդյայի՝ «Ոչ լիարժեք սննդակարգով յուրաքանչյուր հղիություն ավարտվում է բարդություններով եւ թերքաշ պտղով» վերնագրով նյութում տեղ գտած մյուս մեկնաբանությունները կցկտուր, ոչ հիմնավոր, խեղաթյուրված փաստեր ու վտանգներ պարունակող սխալ դրույթներ են, որոնք հավանաբար ձեւավորվել են բժիշկ Ֆեդյայի ուսանողական տարիների ոչ բավարար գիտելիքների հիման վրա։

Բարեբախտաբար, նա ներկայումս չի աշխատում ծննդօգնության ոլորտում, հետեւաբար չի կարող վնասել հղի կանանց, սակայն նրա՝ առանց գիտական ապացույցների վտանգավոր գաղափարները կարող են մոլորության մեջ գցել ընթերցողներին:

Փորձենք ներկայացնել ապացույցների վրա հիմնված փաստեր։ Սկսենք հեմոգլոբուլինի մակարդակի եւ անեմիային վերաբերող մեկնաբանությունից։ Ըստ Ֆեդյա Գսպոյանի՝ հեմոգլոբուլինի նորմալ ցուցիչը հղիության ժամանակ 80-100 տոկոս է, անգամ 70 տոկոսը նորմալ է։ Ասենք, որ սա «պսեւդոհայտնագործությունների» շարքից է եւ հայտնի է միայն բժիշկ Ֆեդյային: Նախ ասենք, որ հեմոգլոբուլինի պարունակությունը արյան մեջ սահմանվում է կամ գ/լ կամ գ/% ցուցանիշով, կամ հին դասակարգումով՝ միավոր, բայց ոչ երբեք տոկոսով:

Բացի այդ, ի գիտություն բժիշկ Ֆեդյայի՝ հղիության ընթացքում մեծանում է ոչ միայն արյան ծավալը, այլեւ ձեւավոր տարրերը, այդ թվում՝ էրիթրոցիտները:

Արյան ծավալի ավելացումը սկսվում է հղիության առաջին շաբաթից եւ շարունակվում մինչեւ 34-35 շաբաթ, իսկ հղիության վերջում նկատվում է նրա աննշան իջեցում:
Շրջանառվող պլազմայի ծավալը (ՇՊԾ), որը, չգիտես ինչու, Գսպոյանի կարծիքով՝ հիպերպլազիա է կոչվում, ավելանում է 40-48 տոկոսով (1300-1400 մլ-ով), եթե մինչեւ հղիությունը ՇՊԾ-ն կազմում է մինչեւ 3000 մլ՝ հղիության ընթացքում այն դառնում է 4000-4200 մլ, մինչդեռ էրիթրոցիտների քանակն ավելանում է 25-30 տոկոսով, որի հետեւանքով առաջանում է արյան հեմոդիլյուցիա՝ «արյան ջրիկացում»: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հղիների համար սահմանված է հեմոգլոբուլինի այլ, ավելի ցածր մակարդակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ եթե վերարտադրողական տարիքի տղամարդկանց համար նորման տատանվում է 130-160գ/լ կամ 13-16գ/%, իսկ կանանց համար՝ 120-140 գ/լ կամ 12,0-14,0գ%, ապա հղի կանանց համար անեմիայի սահմանը համարվում է 110գ/լ կամ 11,0գ/%-ից ցածր մակարդակը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ հատուկ մեթոդաբանությամբ եւ բարձր հավաստիությամբ հետազոտությունների արդյունքներով անեմիան աշխարհի հանրային առողջապահության, բնակչության հիվանդացության եւ մահացության վրա ազդող առաջնահերթ խնդիրներից մեկն է, առավել եւս կանանց եւ երեխաների համար: Հղիության սակավարյունությունը ոչ միայն հղիի մոտ առաջացնում է մի շարք ախտաբանական դրսեւորումներ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, ախորժակի բացակայություն, վաղաժամ ծննդաբերություն, պտղի քրոնիկական հիպօքսիա, պտղի աճի դանդաղում, այլեւ ծննդաբերության ընթացքում հանգեցնում է լուրջ հետեւանքների, հղիության վաղաժամ ընդհատման, ծննդաբերական պրոցեսի խանգարումների, մեծացնում է հիպոտոնիկ ու ատոնիկ արյունահոսությունների վտանգը, հետծննդյան թարախասեպտիկ վարակների հաճախականությունը, մայրական, պերինատալ հիվանդացությունն ու մահացությունը: Ուստի Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: ԱՀԿ-ի տվյալներով՝ հղիության ժամանակ սակավարյունություն նկատվում է հղի կանանց 23-52 տոկոսի մոտ, ընդ որում՝ երկաթդեֆիցիտային անեմիան կազմում է մոտ 80 տոկոս: Համաձայն ԱՀԿ երաշխավորությունների՝ հղիների անեմիան պետք է բուժել երկաթի պրեպարատներով եւ հնարավոր չէ բուժել միայն սննդի միջոցով։ Մինչդեռ բժիշկ Ֆեդյան առաջարկում է անգամ ծանր անեմիան, իր բնորոշմամբ՝ անհասկանալի «60 տոկոսից բարձր մակարդակի դեպքում» կարգավորել ածխաջրատներով, ճարպերով, սպիտակուցներով, թարմ բանջարեղենով հագեցած սննդակարգով:

Ի դեպ, աշխարհին հայտնի չեն ածխաջրատներով եւ ճարպերով անեմիայի բուժման եղանակներ: Ճիշտ հակառակը` հղիներին ու բնակչությանը բոլոր սննդակարգերում առաջարկվում է սահմանափակել ճարպերը:

Ինչ վերաբերում է բնակչության համար «ալյուրի ֆոլաթթվով եւ երկաթով հարստացման» խնդրին, ապա մեկ անգամ եւս կցանկանայի նշել, որ համաձայն ԱՀԿ-ի՝ եթե թիրախային խմբերում կանանց եւ երեխաների շրջանում անեմիայի տարածվածությունը գերազանցում է 5%-ը, ապա բնակչությունը եւս վտանգված է անեմիայի բարձր տարածվածության առումով, եւ պետք է իրականացվեն անեմիայի կանխարգելմանն ուղղված համընդհանուր միջոցառումներ:

Տղամարդկանց եւ կանանց մոտ երկաթի պակասը արտահայտվում է ֆիզիկական աշխատունակության վատթարացմամբ:

Ինչ վերաբերում է B9 վիտամինին (ֆոլաթթվին), ապա վերջինիս անբավարարության հետեւանքների թվին են պատկանում մեգալոբլաստիկ անեմիան, նյարդային խողովակի եւ այլ կառուցվածքային եւ ֆունկցիոնալ բնածին արատները (գայլի երախ, սրտի դեֆեկտ եւ այլն), հղիության անբարենպաստ ելքի, ճանաչողական ֆունկցիայի խաթարման եւ ընկճախտի զարգացման ռիսկերը: Այս վիտամինի անբավարարությունը ուղեկցվում է պլազմայում հոմոցիստեինի մակարդակի բարձրացմամբ եւ սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես` կաթվածների ավելացմամբ: Առավել հաճախ հանդիպում են նյարդային խողովակի արատները` ողնուղեղային ճողվածքը (spina bifida) եւ ուղեղի ջրգողությունը (hydrocephalia) կամ բացակայությունը (anencephalia), որոնք առանձնանում են բարձր մահացությամբ կամ հաշմանդամությամբ, եւ որոնց պատճառագիտական կապը ֆոլաթթվի անբավարարության հետ համարվում է ապացուցված բժշկագիտական փաստ:

Կուզենայի հատուկ տեղեկացնել բժիշկ Գսպոյաին, որ Հայաստանի Հանրապետությունում ֆոլաթթվի դեֆիցիտով պայմանավորված նյարդային խողովակի զարգացման արատները մի քանի անգամ բարձր են ալյուրը ֆոլաթթվով հարստացնող երկրների համեմատությամբ:
Հանրային լավ առողջապահություն ունեցող բոլոր երկրներն իրականացնում են բնակչության, այդ թվում՝ հղիների անեմիայի կանխարգելում եւ բուժում տարբեր ճանապարհներով:

Օրինակ՝ մինչ հղիությունը եւ հղիության ամբողջ ընթացքում հղի կինը ստանում է ֆոլաթթու եւ երկաթ հաբերի ձեւով: Այս մոտեցումը շատ թանկ է, եւ կիրառումը՝ հաճախ ոչ իրատեսական: Օրինակ՝ Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահական հետազոտությունների տվյալներով՝ հղի կանանց միայն 2%-ն է հղիության ընթացքում ստացել բժշկի կողմից նշանակված վիտամինները, որոնք պարունակել են երկաթ եւ ֆոլաթթու:

Բնակչության բոլոր խմբերը, մասնավորապես՝ երեխաները, կանայք, տղամարդիկ կարիք ունեն անեմիայի կանխարգելման, որը աշխարհի 83 երկրներում իրականացվում է ալյուրի հարստացման ճանապարհով։ Այլ երկրներում խնդիրը լուծում են տարբեր մթերքների հարստացման կամ սննդային հավելումների ու վիտամինամիներալային հաբերի ընդունման միջոցով, որոնք պարունակում են նաեւ ֆոլաթթու եւ երկաթ:

Հավասարակշռված սննդակարգը իհարկե ունի որոշիչ նշանակություն հղիության նորմալ ընթացքի համար, սակայն հոդվածագրի այն պնդումը, որ ոչ լիարժեք սննդակարգով յուրաքանչյուր հղիություն ավարտվում է բարդություններով եւ թերքաշ պտղով, ոչ մի քննդատության չի դիմանում, քանի որ բարդությունները եւ անհասությունն ունեն բազմաթիվ այլ պատճառներ:

Անհասկանալի է նաեւ, թե ինչ մեթոդաբանությամբ ինչ հետազոտություն է իրականացրել բժիշկ Ֆեդյան, քանի հղի կնոջ շրջանում, որ գրում է, թե հետազոտվածների 35-40 տոկոսն ունեցել է պտղի թերքաշություն, նորածինների քաշը եղել է ցածր 3000,0 գրամից: Նախ կուզենայի տեղեկացնել, որ թերքաշ են համարվում 2500 գրամ քաշից եւ 46 սմ հասակից ցածր ցուցանիշներով նորածինները, եւ երկրորդ` Հայաստանի Հանրապետությունում թերքաշության տոկոսը, 500.0 քաշով նորածինների ներառումով, վերջին տարիներին չի գերազանցում 6-7 տոկոսը եւ չի կարող լինել 35-40 տոկոս:

Մի խումբ
մասնագետների անունից`
ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր

Կից ներկայացվել է ԱՀԿ-ի հրապարակումների ցանկը անեմիայի, ինչպես նաեւ ալյուրի հարստացման վերաբերյալ:

 

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    /ապա մեկ անգամ եւս կցանկանայի նշել, որ համաձայն ԱՀԿ-ի՝ եթե թիրախային խմբերում կանանց եւ երեխաների շրջանում անեմիայի տարածվածությունը գերազանցում է 5%-ը…/ ԱՀԿ “Սննդի ֆորտիֆիկացման ուղեցույցում” չկա նման բան. հակառակը, գրված է, որ ալյուրի ֆորտիֆիկացումը ցանկալի է, եթե ողջ բնակչության մեջ է անեմիան գերազանցում 20% -ը:
    /Ինչ վերաբերում է B9 վիտամինին (ֆոլաթթվին), ապա վերջինիս անբավարարության…/ Վատ է, որ բժշկության դոկտորը չգիտի, որ ֆոլաթթուն բնության մեջ գոյություն չունեցող նյութ է, հետևաբար որևէ մեկը ֆոլաթթվի անբավարարություն ունենալ չի կարող. ֆոլաթթուն B9 վիտամին համարելն անցած դարի 50-ականների սխալ տեսակետ է, որն այժմ միայն ֆոլաթթու արտադրող կազմակերպությունների կողմից է քարոզվում:
    Իսկ հղի կնոջ համար ինչ հետևանքներ է ունենում երկաթի նորմայից ավելի քանակը, քանիսին և որ դեպքերում են հակացուցված ֆոլաթթուն և երկաթի սուլֆատը, այդ մասին հարգարժան դոկտորը լռում է: Լռում է նաև այն մասին, որ երկաթի սուլֆատը մտցված տելլարոգեն դեղերի ցանկում և Ռուսաստանում արգելված է տալ հղի կանանց, իսկ եվրոպայի շատ երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, Շվեդիայում, ընդհանրապես է արգելվել:

  2. Աշոտ says:

    Հեքիաթ են նաև սպինոբիֆիդայի իջեցման մասին խոսքերը: Օրինակ, Բոլիվիայում և Պերուում ֆորտիֆիկացումից հետո սպինոբիֆիդան մնացել է 12,5/10000 ծնունդի հաշվով մակարդակի վրա: Մեծ Բրիտանիայի` բնակչության ֆոլատ-կարգավիճակի այս տարի հրատարակված հետազոտության տվյալներն ընդհանրապես կասկածի տակ են դնում ֆոլաթթվի դրական էֆեկտը սպինոբիֆիդայի կանխարգելման ուղղությամբ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30