Դաշնակահար Կարեն Հակոբյանի հայաստանյան վերջին բեմելը կայացել է 2001թ., Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շուրջ 15 տարի անց «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրերս, դարձյալ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, երաժիշտը կրկին հանդիպեց հայաստանցի ունկնդրին: Նրա մեկնաբանմամբ Շոպենի դաշնամուրի եւ նվագախմբի առաջին կոնցերտը թողնելով մասնագետների գնահատականին, «Առավոտը» նպատակահարմար գտավ ներկայացնելու 30-ամյա երիտասարդ արվեստագետի առայժմ կարճ, բայց հագեցած ստեղծագործական ուղին, որը, ըստ էության, սկիզբ է առել Նյու Յորքից:
Մեզ հետ զրույցում Կարեն Հակոբյանը հիշեց Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում իր ուսանելու տարիները՝ ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի դասարանում, ապա իբրեւ կոմպոզիտոր իր առաջին քայլերը Դավիթ Սաքոյանի ղեկավարությամբ, հետո ասաց, որ ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, կարճ ժամանակահատված ուսանել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի, դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի դասարաններում, ապա 2000թ. մեկնել ԱՄՆ:
Այնտեղ մասնակցել է Յուտա նահանգում անցկացվող միջազգային մրցույթին, շահել կրթաթոշակ, չորս տարի ուսումնառությունից հետո 2 տարի իբրեւ հրավիրյալ դասախոս աշխատել է տեղի համալսարանում, իսկ 2008թ. տեղափոխվել Նյու Յորք, որտեղ եւ ապրում ու ստեղծագործում է մինչ օրս: Այս մեգապոլիսում էլ դաշնակահարը ուսումնառում է Մանհեթնի կոնսերվատորիայում եւ «Mannes» քոլեջում:
Ծանոթանալով մեր զրուցակցի երկացանկին, հյուրախաղային աշխարհագրությանը, իսկապես երիտասարդ արվեստագետի համար ընդգրկուն է: Ասվածին եթե ավելացնենք արվեստագետի կոմպոզիտորական գործունեությունը, ապա առաջին հայացքից կթվա, թե նա, ինչպես ասում են՝ «շունչ քաշելու ժամանակ չունի»: Թողարկել է դաշնամուրային կատարումների 2 եւ սեփական ստեղծագործությունների 1 CD: 2016թ. Ճապոնիայում «Մալեր- փառատոնի» շրջանակներում, դիրիժոր Ինոե Հիսայոշիի ղեկավարությամբ, հանդես է գալու Խաչատրյանի կոնցերտի կատարմամբ, որն ընդգրկվելու է հերթական CD-ում:
Մեզ հետ զրույցում երաժիշտը հիշեց 2001թ. Բեռլինում կայացած Younf Euro-Classic փառատոնը, որտեղ պայմաններից մեկն էր հնչեցնել մեկ երիտասարդ կոմպոզիտորի գործ. «Այդ փառատոնին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մասնակցեց Հայաստանի ֆիլհարմոնիկն ու «Սերենադ» կամերային նվագախումբը: Ընդ որում, ներկայացվեց իմ երկրորդ սիմֆոնիան»: Այս տարի էլ Վաշինգտոնում հեղինակավոր Strat fmor-ում կայացած համերգի առաջին բաժնում դաշնակահարը հանդես է եկել ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի (ԱՄՆ) եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա) հետ, Բաբաջանյանի տրիոյի կատարումով: Իսկ երկրորդ բաժնում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն էր, եւ ի՜նչ ոգեւորությամբ, «բրավոներով» հանդիսատեսը ընդունեց հայկական կոլեկտիվին: Նման ընդունելության Արեւմուտքում հաճախ չէ, որ հանդիպում են…
Կարդացեք նաև
Այս տարի Կարեն Հակոբյանը Նյու Յորքում հիմնել է World Peace Simfonietta նվագախումբը եւ մինչ հայաստանյան այցն էլ հրավիրել է սոպրանո Հասմիկ Պապյանին (Ավստրիա) եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին: Նվագախումբը ղեկավարել է ազգությամբ հրեա, ամերիկաբնակ դիրիժոր Արկադի Լեյտուշը: Իսկ համերգը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մեր զրուցակիցը խոստովանեց, որ տարիների ընդմիջումից հետո հիանալի է իրեն զգում հայրենիքում, եթե ոչ ծրագրված համերգները Ճապոնիայում, Լիբանանում, Կանադայում, ԱՄՆ-ում, մենահամերգները Արգենտինայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր, մի տեւական հատված կվայելեր Հայաստանը, հարազատներին… «Հնարավորինս «ձգել» եմ ժամանակը եւ դեկտեմբերի սկզբներին «Նարեկացի» մշակութային կենտրոնում կանցկացնեմ վարպետության դասեր ու նոր կմեկնեմ»,- հավաստիացրեց Կարեն Հակոբյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11..2015