Դերասան եւ ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, որ օրերս պարգեւատրվել է Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար, հայտարարել է, որ իր արվեստի վրա ահռելի ազդեցություն է գործել հնդկական կինեմատոգրաֆը: «Ես հիշում եմ այն սերն ու քնքշությունը, որով լեցուն էին Ռաջ Կապուրի մասնակցությամբ հնդկական ֆիլմերը»,- ասուլիսում նշել է ռուս ռեժիսորը, ապա լրագրողների համար երգել է հնդկական հայտնի «Թափառաշրջիկը» ֆիլմի երգը:
Միխալկովը հավելել է, որ այդ երգով ուզում է ընդգծել Բոլիվուդի հանդեպ իր մեծ սերը:
«Հնդկական կինոն լրիվ ուրիշ աշխարհ է… Ի դեպ, ֆիլմերը այն դեպքում են դառնում համաշխարհային, երբ կարողանում են արտացոլել այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որի ծնունդն են իրենք»,- ասել է Նիկիտա Միխալկովը:
Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ անցնում է Հնդկաստանի միջազգային կինոփառատոնը, նախատեսված է նաեւ ռուս ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
2012-ին հնդկական փառատոնի հատուկ մրցանակը բաժին է հասել լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին, 2013-ին չեխ ռեժիսոր Իրժի Մենզելին, իսկ 2014-ին չինացի ռեժիսոր Վոնգ Կար-Վային:
«Առավոտ» օրաթերթ
27.11..2015