Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը ուխտագնացության է մեկնել Աֆրիկա, մասնավորապես՝ Քենիա, Ուգանդա եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի 11-րդ հայրապետական այցն է: Ուխտագնացության ընթացքում նախատեսված է պատարագ Նայրոբիի համալսարանում (Քենիա), այցելություն ՄԱԿ-ի ներկայացուցչություն, հանդիպումներ՝ տեղացի հավատացյալների հետ: Ֆրանցիսկոս I-ը հանդիպելու է նաեւ մահմեդական հավատացյալների հետ: Իր այս հանդիպումներով նա մեկնարկում է Բարեգթության տարին: Իր տեսաուղերձում Հռոմի պապը նշել է. «Աֆրիկյան տարածաշրջանում տեւական ժամանակ է՝ անկայունություն եւ բռնություն է տիրում: Իմ այցով Հիսուսի անունից ձեզ ուզում եմ բերել հույս եւ կարեկցություն»:
Նա նաեւ ասել է, որ անկախ դավանանքից ու հավատքից՝ բոլորը եղբայրներ են, եւ կրոնական երկխոսությունը միշտ էլ հնարավոր է: Ի պատասխան ֆրանսիական հատուկ ծառայությունների եւ այլ աղբյուրների նախազգուշացումների, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Հռոմի պապի մամլո դիվանի պատասխանատու, քահանա Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Հռոմի պապի այցը չի հետաձգվի եւ փոփոխություններ չեն լինի ծրագրում: Նաեւ հավելել է. «Ես չեմ լսել, որ Վատիկանը զրահաբաճկոն է պատվիրել Հռոմի պապի համար, եւ չեմ զարմանա՝ Հռոմի պապին տեսնելով բաց մեքենայով: Վատիկանը վստահ է, որ որեւէ վտանգ չի պատահի աֆրիկյան երկրներում»:
«Առավոտ» օրաթերթ
27.11..2015